Մատչելիության հղումներ

«Կարկուտը 2-3 միլիոնի վնաս է տվել». ապահովագրումից զրկված խաղողի ու ծիրանի այգետերերը մտահոգ են


Կարկուտից վնասված ծիրանի այգիները
Կարկուտից վնասված ծիրանի այգիները

Մի քանի օր առաջ տեղացած կարկուտի հետքերն են խաղողի տերևների վրա: Որ տուժած այգին գոնե բերք տա, գյուղացին հսկայական գումարներ պետք է ծախսի: Պետության ու ապահովագրողների կողմից վնասի փոխհատուցման հույս չունեցող գյուղացիները հորդառատ անձրևից ու կարկուտից հետո կորուստներն են հաշվում:

«Ջարդել է, տակը սաղ խաղողի ճութ ա լցված, սաղ խաղողի ճթեր են, առնվազն 20-30 տոկոսը ջարդել է այգու… երևի մի 2-3 միլիոնի վնաս հանգիստ կա», - ասում է 63-ամյա արմավիրցի Սոխակ Հովհաննիսյանը։

Նրա մեծ ընտանիքի միակ եկամուտն այս 7 հետկար այգին է: 30 տոննա բերքի հույս ուներ, հիմա՝ չգիտի: Ասում է՝ եթե կառավարությունը գարնան կեսին խաղողն ու ծիրանը չհաներ ապահովագրության ցանկից, իր պես շատերը գոնե փոխհատուցումներ կստանային. - «Ահագին աջակցություն էր, գոնե մի բան կփոխհատուցեին, մեր վնասի գոնե կեսը որ կարողանայինք հետ բերել, էլի գոնե ծախսերը, օգուտ չեմ ասում, գոնե կասեի ոչինչ էլի»։

Կառավարությունը շաբաթներ առաջ մեկ տարով կասեցրեց խաղողի ու ծիրանի ապահովագրումը՝ ընդունելով՝ գուցե իրենց սխալ հաշվարկներն են պատճառը, որ միջազգային վերաապահովագրողները հրաժարվել ու դուրս են եկել ծրագրից։ Նախորդ տարի ապահովագրվել է ավելի քան 11 հազար հեկտար հողատարածք, իսկ ապահովագրավճարը կազմել է շուրջ 1 միլիարդ 8 մլն դրամ: Այս գումարի զգալի մասը սուբսիդավորել է կառավարությունը:

Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ էր ասում՝ կառավարությունը շտապել է՝ խաղողն ու ծիրանը մեկ տարով հանելով ապահովագրության ցանկից, կարծել են, թե անձրև ու կարկուտ չի լինի:

«Բնության հետ հո լեզու չե՞ն գտել, բա որ կարկուտ գա»,- նախորդ ամսվա իր կանխատեսումն էր։

«Իրականություն դարձավ մեր վատ կանխատեսումը՝ գյուղացին իրոք այսօր մնաց էլի կոտրված տաշտակի առաջ։ Մայրուղուց աջ ու ձախ ի՞նչ տեսաք՝ խաղողի այգիներ, ծիրանի այգիներ, որը իրենից արժեք, քանակ է ներկայացնում, որ մարդիկ շահագրգռված կլինեն այդ ճյուղերը ապահովագրելու, հանեցին ցանկից, որովհետև այդտեղ ռիսկը մեծ է, այդտեղ ապահովագրվող տնտեսությունները ավելի շատ են», - ասաց նա։

70-ամյա Վլադիմիր Փիլոյանը Թուրքիայի սահմանի պռնկին հինգուկես հեկտար այգի է տնկել: Օրերս տեղացած կարկուտը բերքը տապալել է: Հուսահատ է, ասում է՝ ոչ կարող է վաճառել, որ ծախսը հանի, ոչ էլ ուտելու համար է պիտանի. - «Սա հլը մենակ ծիրանը, այնտեղ ես դեղձ ունեմ, սև սալոր ունեմ, գիլաս ունեմ, 1200 ծառ է ընդհանուր իմ այգին, իսկ եթե մեկ տարի հողի հարկը չմուծենք, տուգանքները կգան մեր հետևից։ 750 ծիրանի ծառ, այսօր պրոբլեմի առաջ պիտի կանգնենք, թե ոնց պիտի փակենք, վարկը, պյուս, որ մի տարի պիտի սպասենք, թե եկող տարի ոնց կլինի մեր վիճակը։ Մոտավորապես 40 տոննա ծիրանի հաշվարկ ունեի, իսկ հիմա կարող է մի 4-5 տոննա հատիկ-հատիկ ջոգեմ։ Զրոյացել է, ոչ մի բան էլ չկա այստեղ»։

Օրերս տեղացած հորդառատ անձրևից ու կարկուտից հետո, նախնական տվյալներով, ամենատուժած մարզերն Արարատն ու Արմավիրն են: Ապահովագրումից զրկված խաղողի ու ծիրանի այգետերերը նաև պետական աջակցության հույս չեն փայփայում։ Կառավարությունն այս պահին վնասի հստակ պատկերը չունի։ Գյուղապետարանները դեռ պետք է գույքագրեն գյուղացիների վնասները, հետո դա ներկայացնեն մարզպետարաններ, այնտեղից էլ՝ Տարածքային կառավարման նախարարություն, հետո այդ տվյալները կփոխանցվի էկոնոմիկայի նախարարություն, որ հաշվարկվի՝ ով ինչքան փոխհատուցում կստանա:

«Միչև այդքանն արվի, բանկերը մեզ սև ցուցակներում կտեղավորեն»,- նեղսրտած են գյուղացիները, - «Եթե այդ պահին ինֆարկտ չես ստանում, ամեն մի հարվածը, ճթերը կտրելը, շատ վատ ապրում ես ունենում, ասում ես՝ վայ, երեխեքս սոված մնացին»։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG