Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը:
Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները երեկ են այցելել ոստիկանության բաժիններ և բժշկական հաստատություններ, հանդիպել բուժօգնություն ստացող հավաքի մասնակիցներին և Ոստիկանության ծառայողներին։ Նշվում է, որ ինչպես հավաքի մասնակիցները, այնպես էլ Ոստիկանության ծառայողները խիստ մտահոգիչ տեղեկություններ են ներկայացրել։
Հավաքի որոշ մասնակիցներ առանձնազրույցների ընթացքում նշել են, որ իրենց նկատմամբ Ոստիկանության ծառայողերի կողմից անհամաչափ ուժ է կիրառվել այն պայմաններում, երբ իրենք արդեն իսկ գտնվել են Ոստիկանության ծառայողների հսկողության ներքո։
Ըստ ներկայացված պնդումների՝ նշված բռնի գործողությունները կրել են շարունակական բնույթ, պայմանավորված չեն եղել անձանց բերման ենթարկելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղեկցվել են Ոստիկանության ծառայողների կողմից անձանց հասցեին հնչեցվող վիրավորանքներով։
Պաշտպանը նշված հանգամանքը անթույլատրելի և դատապարտելի է համարում։
Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում նաև բժշկական օգնություն ստացող Ոստիկանների ներկայացրած տեղեկությունները՝ հավաքի մասնակիցների կողմից իրենց ուղղությամբ տարատեսակ առարկաներ նետելու վերաբերյալ, ինչի հետևանքով ծառայողները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։
Ոստիկանության կողմից անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով, հայտարարում է Մանասյանը միևնույն ժամանակ շեշտելով, որ պետք է հատուկ քննարկման առարկա դառնա նաև այն հարցը, թե արդյոք հատուկ միջոցները կիրառվել են սահմանված չափանիշների և կարգի պահպանմամբ։
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնում նաև այն փաստի կապակցությամբ, որ այս իրադարձությունների ընթացքում վնասվածքներ են ստացել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ՝ առանցքային համարելով վերը նշված գործերով պատշաճ քննության իրականացումը։
«Պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտում է տեղի ունեցածը՝ կրկին ընդգծելով, որ անթույլատրելի է որևէ պարագայում իրավասու մարմինների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Պաշտպանը հորդորում է Ոստիկանությանը ցուցաբերել զսպվածություն և բացառել անհամաչափ ուժի կիրառման ցանկացած դրսևորում։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում` համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ», - ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ միևնույն ժամանակ, հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, իրենց հերթին, պետք է ցուցաբերեն զսպվածություն, պահպանեն հավաքի խաղաղ բնույթը և զերծ մնան իրավիճակի սրման ցանկացած փորձից։
Արձանագրված բոլոր դեպքերը ներկայում ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և քննության առարկա դարձնելու նպատակով կներկայացվեն Գլխավոր դատախազություն։
Երեկ խորհրդարանի մոտ վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության կեսգիշերվա տվյալներով՝ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
66 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ 32 պացիենտ շարունակում է բուժօգնություն ստանալ։ Նրանք, ըստ ԱՆ-ի, ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ։
ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ վիրավորում է ստացել 16 ոստիկան։
Ըստ Քննչական կոմիտեի՝ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում «զանգվածային անկարգություններ կազմակերպելու և իրականացնելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ տեղի ունեցածը որակել է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։
Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակել է «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։