Մատչելիության հղումներ

«Հարձակում», «ահաբեկչություն». իշխանության և ընդդիմության գնահատականները խորհրդարանի մոտ դեպքերին


Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը

Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի մոտ այսօրվա իրադարձությունները որակում է «հարձակում Ազգային ժողովի, ժողովրդավարության և Հայաստանի ինքնիշխանության, անկախության վրա և անճարության դրսևորում»։

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ նախագահն ասաց, որ ընդդիմադիրները «խորհրդարանի վրա հարձակմամբ փորձել են լրացնել» սահմանված 96-ամյա վերջնաժամկետը:

Վարչապետի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև այսօր բախումներ եղան, ոստիկանությունը հատուկ միջոց՝ լուսաձայնային նռնակներ կիրառեց։ Այդ ժամանակ խորհրդարանում ընթանում էր կառավարության հետ հարցուպատասխանը։

Հայտնի է մոտ 80 տուժածի մասին, ովքեր դիմել են տարբեր ԲԿ-ներ։

Բագրատ սրբազանն, իր հերթին, ոստիկանական գործողությունները որակեց «ահաբեկչություն» խաղաղ հավաքի մասնակիցների, ինչպես նաև ԱԺ հարևանությամբ գտնվող այգում եղած քաղաքացիների նկատմամբ։

«Իրականացնողներն ու հրահանգ տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն», - նշեց նա։

Ալեն Սիմոնյանը ևս խոսեց իրավական հետևանքների մասին. «Մտքներով չանցնի, որ խուլիգանությամբ, զոռբայությամբ, դրսից գյադաների բերելով կարողանալու են խուժանություն անել: Բացառված է», - ասաց նա։

Ոստիկանությունն իրականացնում է «օրենքով իրեն վերապահված գործառույթները խստիվ օրենքի շրջանակներում», խորհրդարանի ամբիոնից ավելի վաղ հայտարարել էր վարչապետ Փաշինյանը՝ խոսելով ԱԺ-ի հարակից տարածքում իրավիճակի մասին։

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը «Ազատության» հարցին, թե արդյոք ոստիկանության այսօրվա գործողություններին առնչվող ծառայողական քննություն ընթանո՞ւմ է, պատասխանել է, որ ընթանում է մշտադիտարկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG