Մատչելիության հղումներ

Տավուշում հատվածական սահմանազատումից հետո գործում է «Պետական սահմանի մասին» օրենքից դուրս ռեժիմ․ Գեղամ Մանուկյան


Տավուշում հատվածական սահմանազատումից հետո գործում է «Պետական սահմանի մասին» օրենքից դուրս ռեժիմ, խորհրդարանում պնդեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո ստեղծված իրավիճակը և օրենքով սահմանված կարգավորումները իրար հետ կապ չունեն: Ընդդիմադիր պատգամավորն այսօր իր ձևակերպած խնդրի շուրջ խորհրդարանում պարզաբանումներ էր ակնկալում Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանից:

«Կիրանցում էն փշալարերը, որ անցկացրել եք, մոտ 15 մետր հետո նոր տուն է։ Այստեղ շատ մոտ են, մի քանի տասնյակ մետրերի վրա։ Համաձայն օրենքի դա դիտվում է որպես սահմանային շերտ, ո՞նց եք պատրաստվում կանոնակարգել էն բոլոր սահմանային ռեժիմները, որ կան, օրինակ, Հայաստան-Թուրքիա սահմանին, որպեսզի Կիրանցի բնակիչների ամբողջական կենսագործունեությունը չխաթարվի», - ասաց Մանուկյանը։

«Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ սահմանային գոտին այն տարածքն է, որը պետական սահմանագծից ծավալվում է դեպի Հայաստանի տարածքի խորքը՝ մինչև հինգ կիլոմետր լայնությամբ, իսկ սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին՝ մինչև մեկ կիլոմետր լայնությամբ:

Գեղամ Մանուկյանի պնդմանը, թե օրենքով սահմանված կարգավորումները Կիրանցի սահմանազատված հատվածում հնարավոր չի լինի պահպանել, ԱԱԾ պաշտոնյան որևէ կերպ չարձագանքեց, փոխարենը Մանուկյանին առաջարկեց գրավոր հարցում ուղարկել:

«Պայմանական Կիրանցի այս բնակիչը, եթե տանը որևէ առիթ լինի, համաձայն օրենքի արգելվելու է ոգելից խմիչքի օգտագործումը, կամ եթե որոշի 24-ժամյա խանութ բացել՝ արգելվելու է այդ խանութի գործունեությունը, և ամբողջությամբ խաթարվելու է կիրանցիների բնականոն կենսագործունեությունը», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Ընդամենը կասեմ, որ այս պահին ես Ձեր հարցին խորքային առումով չեմ կարող պատասխանել, եթե հետևողականորեն ցանկանում եք ստանալ հարցի պատասխանը, խնդրում եմ, գրավոր հարցում ուղարկեք, և վստահաբար մանրամասնություններով մենք սպառիչ պատասխան կտանք», - արձագանքեց ԱԱԾ պաշտոնյան։

Ըստ Արմեն Խաչատրյանի՝ նույն իրավիճակն է նաև Մեղրիի հատվածում

Ընդդիմադիր պատգամավորի բարձրացրած խնդրի առկայությունը չհերքեցին նաև Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամները: Ավելին՝ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, թե նույն իրավիճակն է նաև Մեղրիի հատվածում:

«Այսքան ժամանակ մեկը հարց չի բարձրացրել՝ ինչո՞ւ է այդպես, բայց այս հարցը մենք մեկ տարի առաջ քննարկել ենք ու կարծում եմ, որ անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություններ կատարել «Պետական սահմանի մասին օրենքում», որովհետև սրանք խորհրդային կարգավորումներն են՝ 5 կմ, մենք էդքան տարածք չունենք, մի հատ էլ 5 կմ, որ մի հատ էլ ասենք՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը դա համարեն սահմանային գոտի կամ որևէ սահմանային զորք ու ինչ-որ սահմանափակումներ մտցնեն», - նշեց Խաչատրյանը։

Ըստ էության Տավուշում հատվածական սահմանազատումից հետո առաջացած իրավիճակը, որը հակասում է օրենքի պահանջներին, ըստ իշխանական պատգամավորների, պետք է լուծել «Պետական սահմանի մասին» օրենքը փոխելով: Թե՛ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, թե՛ փոխնախագահը ընդգծեցին դրա անհրաժեշտությունը:

«Մեր հարավային սահմաններ այցի ժամանակ մենք նկատել ենք այդ խնդրի գոյությունն ու հետվերադարձին Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ես ասել եմ, որ «Պետական սահմանի օրենքի» հետ կապված մենք պետք է մի հատ նորից նայենք՝ ոնց է կարգավորվում», - ասաց ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նիստին ներկա ԱԱԾ տնօրենի տեղակալը օրենքի հնարավոր փոփոխության հետ կապված որևէ դիրքորոշում չհայտնեց:

XS
SM
MD
LG