Կիրանցի հարակից բլուրներից մեկի վրա՝ կամրջից այն կողմ, Ադրբեջանի դրոշ է տեղադրվել։ Օրերս «Ազատության» տեսախցիկը նույն վայրում զինվորականների շարժ էր նկատել, բայց դրոշ տեղադրված չէր։
Ադրբեջանում էլ այսօր շրջայց է կազմակերպվել լրագրողների համար դեպի վերադարձված 4 գյուղեր։ Կիրանցի բնակիչները պատմում են՝ 90-ականներին ադրբեջանական ուժերը նաև այդ հատվածից են թիրախավորել Կիրանցը։
«Ներքևից, վերևից, գյուղը լրիվ ադրբեջանցիների դիտարկման տակ է», - մտահոգվում են տեղացիները։
Թե երբ ադրբեջանական ուժերը կառաջանան արդեն գյուղի մերձակա հատվածներ կամ որտեղ կտեղակայվեն, դեռ հստակ չէ։ Ըստ էության, այս ամենը կապված է շրջանցիկ ճանապարհի շինարարության հետ, որն այժմ լայն թափով ընթանում է։
Սահմանազատումից հետո ադրբեջանական կողմին է անցնում նաև գյուղ բերող կամուրջը։ Սա միջպետական ճանապարհի մի հատված է, և հիմա շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Ավելի վաղ կառավարությունը ասել էին, որ այս շրջանցիկ ճանապարհի կառուցման համար 2- 3 ամիս կպահանջվի։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գյուղում ակտիվացել են նաև փոխհատուցումների վերաբերյալ խոսակցությունները։ Սահմանազատման հետևանքով մարդիկ իրենց գույքն ու սեփականությունն են կորցնում, կառավարությունը հայտարարել է փոխհատուցումների մասին, բայց ինչ ծավալներով, ինչ սկզբունքով որևէ հստակեցում առայժմ չկա։
Գյուղում այժմ սպասողական մթնոլորտ է, չեն դադարում աղմկել միայն տրակտորները։
Մանրամասները՝ տեսանյութում