Ադրբեջանական դիրքերով շրջապատված Խնածախում գիշերային կրակոցներն արդեն 7-րդ օրն է՝ չեն դադարում։ Գյուղում գրեթե բոլորը հստակ գիտեն՝ դրանք սկսվում են ճիշտ ժամը 22:20-ին, ավարտվում՝ լուսադեմին՝ 4.20-ին։
Խնածախի տներից մեկից երեկ գիշերը կրակոցների տեսանյութն էին նկարահանել։ Ավելի վաղ էլ համացանցում էին նման տեսանյութեր տարածվում։
Անհանգիստ 7-րդ գիշերը, ըստ գյուղացիների, մի փոքրիկ դրական բան է տեղի ունեցել՝ կրակոցների ինտենսիվությունը նվազել է։ Խնածախցի Մանուշակ Սողոմոնյանը, սակայն, ասաց՝ երեխաներն ամեն կրակոցից սարսափում են։ Իսկ ծնողները տագնապած են՝ ի՞նչ են անելու, երբ մի քանի օրից դասերը վերսկսվեն. գյուղի դպրոցն ադրբեջանական դիրքերից ընդամենը հաշված մետրեր է հեռու։
«Եթե չկանգնվեցի, չգիտեմ... երեխաների համար ենք ավելի շատ անհանգստանում, որ վախենում են: Դպրոցի 3-րդ հարկից 50, թե 100 մետր երևում է թշնամու դիրքը», - ասաց Մանուշակ Սողոմոնյանը:
Գյուղացիներն ասում են՝ ամեն վայրկյան կարող են ադրբեջանական զինուժի թիրախում հայտնվել, չնայած, ըստ նրանց, ադրբեջանցիներն այս շաբաթ հիմնականում օդ են կրակել։ Լավ են հիշում են՝ ադրբեջանական կողմը տարիներ առաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում տրակտորի վրա է կրակել։ Խնածախցի տիկին Մանուշակին հիմա միայն դպրոցական երեխաների անվտանգությունն է հուզում. «Եթե կրակոցներ լինեն մարդկանց վրա, երևի ստիպված երեխաներին պիտի հանենք, բայց այս պահին հանգիստ ենք, որ բնակչությանը չեն վնասի»:
Իշխանությունը կարծում է, որ հարցը դիվանագիտությամբ է հնարավոր լուծել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ, մեկնաբանելով Սյունիքի մարզի Խնածախ ու Խոզնավար գյուղերում կրակոցների վերաբերյալ տեղեկությունները, ասաց՝ ծանոթ է լրատվամիջոցների հրապարակումներին, տեսել է նաև տարածվող տեսանյութերը։ Ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության ավելի վաղ արած հրապարակումը, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն չի տարածում, քանի որ, ինչպես պնդեց, այդ կրակոցները չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման հաղորդագրություն ռազմական կառույցը երկու օր առաջ էր տարածել այն բանից հետո միայն, երբ լրատվամիջոցները սկսեցին գրել սահմանային երկու գյուղերում կրակոցների մասին:
Խնածախին հարևան՝ Սյունիքի մյուս սահմանային գյուղում՝ Խոզնավարում էլ են երեկ շարունակվել կրակոցները։
Տեղեկատվական պատերազմի մաս. Սեյրան Օհանյանի գնահատականը
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասում է՝ ադրբեջանական դիրքերից կրակոցները ու Բաքվի մեղադրանքերը, թե հայկական կողմն է իր դիրքերը թիրախավորել, տեղեկատվական պատերազմի մաս են: Ըստ պատգամավորի՝ Բաքուն այդպես փորձում է վախեցնել ժողովրդին, իշխանությանն էլ պարտադրել կատարել իր պահանջները:
«Ինչպիսի կրակոցներ էլ որ կան, այդ կրակոցների մասին տեղեկություններ պետք է լինեն», - ասաց նա՝ շարունակելով, - «Դրանք ուղղված են և՛ ՀՀ մեր ժողովրդի վրա հոգեբանական ճնշումներ իրականացնելուն, և՛ ուղղված են ՀՀ իշխանություններին, որ արագացրեք այն մեր պահանջները, որ մենք բացի խաղաղության պայմանագրից, ներկայացնում ենք ձեզ, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրենք: Բայց, քաջ ծանոթ լինելով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հոգեբանությանը՝ իրենք փորձելու են մաքսիմալ կորզել և չեն գնալու խաղաղության գործընթացի»:
Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու մասին մեղադրանքներն ու Սյունիքի սահմանային գյուղերում կրակոցները հաջորդում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմանը։ Չնայած Երևանի պատրաստակամությանը, Բաքուն այն ստորագելու համար պահանջներ է առաջ քաշում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։