«Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Ես երեկ հետևել եմ լրահոսին, տեղյակ եմ գրառումներին, տեսանյութեր եմ դիտել: Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն: Բնականաբար դրանք այն դեպքերն են, որոնք վտանգ չպարունակելով մեր կողմից հայտարարության չեն արժանանում: Դրա լուծման ճանապարհը դիվանագիտական է, հարցի կարգավորումը հենց այդպես ենք պատկերացնում և իրականացնում», - ասաց Պապիկյանը:
Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից՝ Խնածախից ու Խոզնավարից էլ ավելի վաղ հայտնել են, որ ադրբեջանական կողմն այս գիշեր էլ է կրակել, գյուղացիների խոսքով, ադրբեջանցիները երբեմն նաև շինությունների կամ դաշտերի ուղղությամբ են կրակում։
Բնակիչներն ասում են՝ այս կրակոցները լսում են արդեն 6-րդ օրը: Պաշտպանության նախարարությունը փաստացի հաստատում է կրակոցների առկայությունը, բայց միևնույն ժամանակ պնդում, թե ինտենսիվ խախտումներ չեն արձանագրել:
Ադրբեջանական կողմից այս կրակոցների մասին տեղեկություններից առաջ Բաքուն ինքն էր անընդհատ հայկական կողմին մեղադրում իր դիրքերը թիրախավորելու համար։ Պաշտոնական Երևանը, մինչդեռ պարբերաբար կտրականապես հերքում էր ադրբեջանական կողմի պնդումները: