Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ Ադրբեջանը չի փոխանցել հրադադարի խախտման ոչ մի հիմնավորում. Բաքուն արձագանքում է


Ադրբեջանական դիրքերը թիրախավորելու վերաբերյալ վերջին օրերին պարբերական դարձած ռազմական գերատեսչության մեղադրանքներին այսօր միացավ նաև այդ երկրի արտաքին գերատեսչությունը։ Չնայած Երևանի մշտական հերքումներին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը Հայաստանին մեղադրում է ոչ միայն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու, այլև սահմանին լայնածավալ կուտակումների, այդ թվում՝ հարձակողական սպառազինություն տեղակայելու համար։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը պարզաբանում է պահանջել Երևանից։

«Եթե Հայաստանի կառավարությունը ղեկավարվում է վարչապետի աշխատակազմի կողմից հայտարարված խաղաղության օրակարգով, ապա ժամանակն է պարզաբանում տալու, թե ինչպես են Հայաստանի սահմանային գոտիներում լայնածավալ ռազմական կուտակումները, այդ թվում՝ հարձակողական սպառազինության տեղակայումը, համահունչ այդ խաղաղության օրակարգին», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Պաշտոնական Բաքուն արձագանքել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմի այսօր տարածած հայտարարությանը։

Երևանից այսօր ավելի վաղ Բաքվին կոչ էին արել խորհրդակցություններ սկսել հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։ Գործադիրից հավաստիացրել էին՝ Հայաստանի կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով։ Ըստ վարչապետի աշխատակազմի՝ դրա անհերքելի ապացույցն են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացման քայլերը։

Կառավարության հայտարարությունը հաջորդել էր Բաքվից հնչող մեղադրանքներին, թե հայկական զինուժը թիրախավորում է ադրբեջանական դիրքերը։ Հիշեցնելով Պաշտպանության նախարարության երեկվա հայտարարությունը, թե հայկական կողմը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում, վարչապետի աշխատակազմից ասում են՝ մինչ այժմ ոչ մի փաստական տվյալ Բաքուն չի ներկայացրել Երևանին։ Բացի այդ, շեշտում են՝ Պաշտպանության նախարարության ստուգողական աշխատանքներով հերքվել են Բաքվի մեղադրանքները։

Հայաստանի վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում երրորդ, իսկ կիրակի օրվանից արդեն 8-րդ հաղորդագրությունն է տարածում՝ հայկական կողմին մեղադրելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու համար: Հայկական կողմը հերքում է Բաքվի այս պնդումները: Ընդ որում՝ եթե նախորդ օրերին Ադրբեջանի ռազմական կառույցը պնդում էր, թե կրակոցները հարավարևելյան՝ Սյունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերից են, ապա այսօր արդեն հայտարարում են, թե արևելյան՝ Վարդենիսից ու Ճամբարակի կողմից են կրակոցները:

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - նշել է ՀՀ ՊՆ-ը։

Ադրբեջանական դիրքերը թիրավորելու վերաբերյալ Բաքվի մեղադրանքները հաջորդում են խաղաղության պայմանագրի կետերի համաձայնեցմանը: Երևանը հայտարարել է, որ պատրաստակամ է ստորագրել փաստաթուղթը, մինչդեռ Բաքուն մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը:


«ԱՊՐԻ Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանը կարծում է, որ Բաքվի պարբերական դարձած մեղադրանքները միջոց են աշխարհում տպավորություն ստեղծելու համար, թե բանակցությունները փակուղում են: Իսկ նպատակն, ըստ քաղաքագետի, հող նախապատրաստելն է միջազգային հանրության շրջանում հնարավոր ռազմական գործողություններն արդարացնելու համար։

«Իմ գնահատմամբ՝ այս հայտարարությունները նախ և առաջ միջոց են՝ խափանելու այն դրական մթնոլորտը, որը հայ - ադրբեջանական բանակցություններում ձևավորվեց այն բանից հետո, երբ Հայաստանի կառավարությունը ընդունեց ադրբեջանական շարադրանքը կամ պահանջները՝ չհամաձանեցված երկու կետերի հետ կապված, և հայտարարեց պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Դա որոշակի դրական մթնոլորտ ստեղծեց հայ - ադրբեջանական բանակցություններում, մենք տեսանք նաև շատ դրական արձագանքներ՝ գրեթե բոլոր կողմերից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

«Պարզվեց, որ իրենք ամեն ինչ անելու են այդ դրական մթնոլորտը խափանելու համար, որպեսզի եթե որոշեն, որ իքս պահին սկսում են ռազմական գործողություններ, դա, այսպես ասենք, տրամաբանությունից լրիվ դուրս չընկալվի, թե՛ փորձագիտական, թե՛ դիվանագիտական շրջանակները, թե՛ որոշում մշակողները, որոշում կայացնողները, այսպես ասենք, ընկալումը լինի այսպիսին՝ դե պարզ է որ կար լարվածություն, կային կրակոցներ, փոխադարձ մեղադրանքներ, հերքումներ, այս պայմաններում սպասելի է, որ պետք է լիներ ռազմական էսկալացիա», - նշեց փորձագետը՝ շարունակելով․ - «Համենայն դեպս, իմ գնահատականը դա է, որ Ադրբեջանը այս քայլերով, քայլերի նպատակը դա է։ Կլինի՞ էսկալացիա, չի՞ լինի, ե՞րբ կլինի, ի՞նչ ծավալներով, որտե՞ղ՝ դրան դժվար թե գոնե փորձագիտական հանրույթը կարող է քիչ թե շատ հստակ պատասխաններ տալ այդ հարցերին»։

Սահմանին իրավիճակին երեկ Եվրամիության առաքելությունն էլ էր անդրադարձել։ Եվրոպացի դիտորդները արձանագրել էին՝ «իրավիճակը մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում»։ Կառույցից նոր հաղորդագրություն չեն հրապարակել։ Դիտորդների վերջին հայտարարությունից շատ չանցած՝ Բաքուն առաքելության վերջին պարեկությունը «լրտեսական գործունեություն» որակեց:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG