Մատչելիության հղումներ

Սրբուհի Գալյանը կնշանակվի արդարադատության նախարար


Սրբուհի Գալյան, արխիվ
Սրբուհի Գալյան, արխիվ

Իշխող ուժը արդարադատության նախարարի մեկ ամսվա փնտրտուքներից հետո ի վերջո կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի թեկնածության վրա. «Քաղաքացիական պայմանագրի» վարչության երեկվա նիստում նրա թեկնածությունն է հաստատվել: Նշանակումը դեռ չի եղել:

«Դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոններ է զբաղեցրել», - այսօր լրագրողներին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

32-ամյա Գալյանը Գլխավոր դատախազությունում համակարգում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման ոլորտը: Պաշտոնի կտրուկ առաջխաղացումը սկսվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք. 2019-ին նշանակվեց արդարադատության փոխնախարար, մեկ տարի պաշտոնավարեց ու Գլխավոր դատախազություն տեղափոխվեց, մինչ այդ էլ՝ դեռ 2015 թվականից, Քննչական ծառայությունում է աշխատել:

Ինչո՞ւ ընտրեցին նրան, երբ սկզբում կոնկրետ թիմի անդամ էին փնտրում, որ արդարադատության ոլորտը ղեկավարի: Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ասում է՝ անկուսակցական Սրբուհի Գալյանն էլ է իրենց թիմի անդամ. - «Եվ, ըստ էության, քաղաքական թիմի մաս է, և մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա», - նշեց Հարությունյանը:

Հենց Սրբուհի Գալյանին վստահվեց ապօրինի գույքի բռնագանձման ոլորտի համակարգումը՝ մամուլը սկսեց գրել նրա ընտանիքի տպավորիչ ունեցվածքի, նախկին իշխանությունների հետ ամուսնու և ամուսնու հոր սերտ կապերի մասին: Ըստ այդ հրապարակումների՝ Գալյանի ամուսինը եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանի թիկնազորի անդամներից մեկը, ամուսնու հայրն էլ՝ Հովսեփյանի վարորդը:

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի դեմ իշխող խմբակցությունում գործընթաց սկսելու հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ նրա եղբայրը Սերժ Սարգսյանի փեսան է՝ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը, որ հիմա հետախուզվում է: ՔՊ-ում ստորագրահավաք էին սկսել, որ Մինասյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը քննեն, ու մինչև բանը կհասներ դրան, նա պաշտոնից հրաժարվեց:

Սկզբում ՔՊ-ականները պնդում էին, թե թիմի անդամի պետք է վստահվի այդ պաշտոնը, և առաջադրում էին կուսակցականներին: «Յուրաքանչյուր փուլի համար՝ այսպես ասած ընտրությունների և թեկնածուների որոշման, իրենց պահանջները կար», - նշեց Հարությունյանը: Ու քանի որ ոչ մեկը չընտրվեց, շրջանակն ընդլայնեցին ու հասան Գլխավոր դատախազի տեղակալին:

«Գալյանը համարձակ որոշումներ կկայացնի»

Մինասյանից հիասթափված ՔՊ-ականները Գալյանից ի՞նչ ակնկալիքներ ունեն։ Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նախ շեշտեց, որ ինքը ստորագրահավաքին միացած պատգամավորներից չէ։ Իսկ Գալյանն, ըստ նրա, համարձակ որոշումներ կկայացնի։

«Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում, կարծում եմ, տիկին Գալյանի գործունեությունը ի ցույց է դնում իր սկզբունքայնությունը, իր աշխատասիրությունը», - ասաց Ջուլհակյանը:

Սկզբնական քննարկումների ժամանակ պատգամավոր Ջուլհակյանի թեկնածությունն էլ էին առաջադրել, նա ինքնաբացարկ էր հայտնել։

ՔՊ-ական մյուս թեկնածուները՝ Արփինե Դավոյանն ու Արմեն Խաչատրյանը հրաժարվեցին խոսել այս ընտրությունից։ Խաչատրյանն անգամ հայտարարել էր, թե պատրաստ է գործադիր տեղափոխվել։

«Միշտ չէ, որ թիմը մենք պետք է ընկալենք նեղ կուսակցական շրջանակ որպես: Ես կարծում եմ, որ այն պաշտոնյաները, որոնք քաղաքական պաշտոն են զբաղեցրել, որոնց թվում նաև տիկին Գալյանն է եղել ժամանակին, և սպասարկել են մեր քաղաքական օրակարգերը, առաջ են մղել մեր քաղաքական օրակարգերը, ես իրենց նույնպես համարում եմ թիմի մաս», - ընդգծեց Արուսյակ Ջուլհակյանը:

Նախկին նախարարն իր հրաժարականի որոշումը հիմնավորել էր այսպես. - «Խորհրդարանական կառավարման համակարգում դժվար կլինի նախարարի պաշտոն զբաղեցնել, եթե նույնիսկ մեկ պատգամավորի հետ դրական համագործակցություն չունես»: Նա պարզել էր, որ իշխող խմբակցության 20 անդամի հետ խնդիր ունի, բայց ոչ անուններն էր հրապարակել, ոչ էլ՝ իրենից դժգոհելու պատճառները։

XS
SM
MD
LG