Մատչելիության հղումներ

Սիրիայի նոր իշխանությունները հայ համայնքին հորդորել են վախը մի կողմ դնել, հանգիստ լինել. Պողիկյան


Դամասկոս, Սիրիա
Դամասկոս, Սիրիա

Սիրիայի նոր տերերը քրիստոնյա, այս թվում՝ հայ համայնքի հետ հանդիպումներում ասել են՝ հանգիստ եղեք, շարունակեք ձեր կյանքը։ Քաղաքական ու ռազմական պատասխանատուները համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպել են Դամասկոսում, Լաթաքիայում, Հալեպում։

«Վստահեցնում եմ, որ դուք ձեր կյանքը սովորական ձևով շարունակեք։ Մենք ձեզ չենք արգելում, դուք ձեր եկեղեցական արարողությունները, ձեր դպրոցները, ձեր միութեանական աշխատանքները շարունակեք, ինչպես որ նախկինում», - «Ազատությանը» պատմեց «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը։

Վախը մի կողմ դրեք և մի հավատացեք խաղաղությանը խանգարող լուրերին, Լաթաքիայի քրիստոնյա համայնքների հետ հանդիպմանն ասել են նոր իշխանության դեմքերը։ Այսօրվանից վերսկսվել են դասերը Սիրիայի հայկական բոլոր վարժարաններում։

«Փողոցները հանգիստ, աշակերտներին դպրոց են բերել, դասերը բնականոն կերպով ընթանում են», - ասաց նա։

Զարմիկ Պողիկյանի տեղեկացմամբ՝ մի քանի օր է՝ բաց են նաև ցամաքային ուղիները, այսինքն՝ Հալեպից հեռանալ ցանկացողները կարող են հասնել Դամասկոս, Բեյրութ, այնտեղից օդանավով Հայաստան։ Բայց, Պողիկյանի խոսքով՝ անորոշության մեջ են ընտանիքները. - «Վստահ եմ, որ մեկնել ցանկացողներ կան։ Բայց մարդիկ այստեղ իրենց գործի տեղն ունեն, իրենց ընտանեկան հարցերը, այսինքն՝ դպրոցները սկսվեցին... տակավին հստակ չէ ժողովրդի համար»։

Դեկտեմբերի 14-ի Դամասկոս– Երևան թռիչքը չի կայացել։ Սիրիայի օդանավակայանները շարունակում են փակ մնալ։ Ըստ Պողիկյանի՝ Հալեպից դեպի Լաթաքիա ու Դամասկոս հեռացած բազմաթիվ ընտանիքներ արդեն իրենց տներն են վերադարձել։ Բեյրութից դեռևս չի վերադարձել Հալեպի հյուպատոսը։ Նա Հալեպից հեռացել էր զինյալ ապստամբների քաղաք մտնելուց առաջ։

Արտգործնախարարությունն այսօր հայտարարեց՝ Դամասկոսում Հայաստանի դեսպանատունն այսօր սկսել է աշխատանքը, Հայաստանի քաղաքացիների են ընդունել։ Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպի հյուպատոսության աշխատանքը, ժամկետ չկա։

Հայաստանի արտգործնախարարությունը սիրիական մեծ փոփոխություններին արձագանքնել է առաջին անգամ. «Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին իր պատմության համար այս վճռական պահին և աջակցում ենք ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ ամուր հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»։

Հալեպի հայկական համայնքում տարհանման թեման այս փուլում փակված է, փոխարենը դեռևս չեն լուծվում տնտեսական հարցերը։
Ըստ Պողիկյանի՝ նոր իշխանությունը փորձում է դրամը կայունացնել։

Հալեպը նաև ջուր չունի արդեն 4 օր։ Ռազմական գործողությունների հետևանքով վնասվել է քաղաք մտնող ջրատարը։ Ընդհանուր առմամբ վիճակը քաղաքում հանդարտ է, նոր իշխանության ռազմական գործերի վարչությունը հայտարարել է՝ զենքով շրջողները պատժվելու են։ Հրթիռների ձայները, սակայն, չեն լռում Լաթաքիայում, Ղամիշլիում, Հասաքեում։

«Իսրայելը ռմբակոծում է Լաթաքիայի նավահանգիստը, շատ վախի մեջ է ժողովուրդը։ Ուժեղ պայթյուններ են», - ասաց Զարմիկ Պողիկյանը։

XS
SM
MD
LG