Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը և պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն առաջարկել են լրացուցիչ երեք միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային հրատապ ռազմական օգնության համար, սակայն Օլաֆ Շոլցի գրասենյակն, ըստ Der Spiegel- ի տեղեկությունների, արգելափակել է նախաձեռնությունը։
Der Spiegel- ի համաձայն՝ նախարարները ցանկանում էին օգնություն տրամադրել Կիևին մինչև փետրվարի 23-ին նշանակված Բունդեսթագի ընտրությունները՝ այդ հրատապությունը բացատրելով ուկրաինական ճակատում իրավիճակի վատթարացմամբ, ինչպես նաև ելնելով Ուկրաինային ռազմական աջակցության ապագայի անորոշությունից՝ Միացյալ Նահանգներում հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո։
Գերմանիայի կանցլերը, սակայն, հասկացրել է, որ չի աջակցում Կիևին լրացուցիչ միջոցներ հատկացնելուն՝ բավարար համարելով 2025 թվականի համար արդեն նախատեսված չորս միլիարդ եվրոյի ռազմական օգնությունը։ Շոլցի գրասենյակը նաև մատնանշում է G7-ի տրամադրած 50 միլիարդ դոլարի վարկը օգտագործելու հնարավորությունը, որը գոյացել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից։
Բացի այդ, ինչպես գրում է Der Spiegel-ը, Շոլցը չի ցանկանում լրացուցիչ օգնության փաթեթ տրամադրել, որպեսզի «ապագա կառավարությանը արդեն կատարված փաստի առջև չդնի»։ Սոցիալ-դեմոկրատների շրջանում Der Spiegel- ի աղբյուրները ենթադրում են, որ Շոլցը չի ցանկանում նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել Ուկրաինային զենքի հետագա մատակարարումների մասին, որպեսզի չվանի իր պոտենցիալ ընտրողներին։
Դեկտեմբերի սկզբին Կիև կատարած այցի ժամանակ Շոլցը հաստատեց, որ Գերմանիան «մնում է Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը Եվրոպայում»՝ նշելով, որ Բեռլինը Ուկրաինային 650 միլիոն եվրոյի զենք կմատակարարի մինչև 2024 թվականի վերջ։