Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինային զենք մատակարարելու գործընթացը արագացնելու նպատակով գործող դաշնակիցների խումբը լավագույն արդյունքների կհասներ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Սակայն, եթե Վաշինգտոնը փոխի իր մասնակցությունը, խումբը կհարմարվի այդ փոփոխությանը։
Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ Գերմանիայում կայացել է Ուկրաինային աջակցելու Կոնտակտային խմբի մասնակիցների հավաքը։ Նմանատիպ պարբերական հանդիպումները հաճախ անցկացվում են Ռամշտայն ամերիկյան ավիաբազայում, ուստի ոչ պաշտոնապես դրանք անվանում են «Ռամշտայնի ձևաչափ»:
«Եվ եթե ԱՄՆ-ից մեր գործընկերներն այժմ որոշեն չաջակցել այս ձևաչափին ապագայում, ապա մենք կմշակենք մեր որոշումները»,- ասել է Պիստորիուսը Ռամշտայնում կայացած հանդիպմանը։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը կրկին կոչ է արել դաշնակիցներին աջակցել Կիևին ռուսական զորքերի դեմ պայքարում, սակայն չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր երդմնակալությունից հետո Կոնտակտային խմբի հանդիպումներ կհրավիրի: