Բագրատ սրբազանն այսօր պնդեց, որ իր սենյակում լսող սարք են տեղադրել:
«Չեն փորձել, տեղադրել են սարքը, արդեն տեսանյութն էլ կա, էդ ձայնը, խառատ էր, դռել էր, ինչ էր… տեղադրել են օրեր առաջ, մենք էլ իմացել ենք: Մեզ համար տարբեր կազմակերպություններ են աշխատում: Մենք էս ընթացքում նաև բացահայտել ենք մեզ հետևող բոլոր մեքենաներին», - լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդը:
Բագրատ արքեպիսկոպոսն ասում է, որ գնացել են այն սենյակ, որտեղից փորձել են լսող սարքը տեղադրել: Խնդրել են, որ դուռը բացի: Կինը, սակայն, հրաժարվել է:
Հետո, ըստ Բագրատ սրբազանի, եկել է Կենտրոնի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը: Ասել է՝ մի քաղաքացի ահազանգել է, որ իր սենյակի դուռն ուզում են կոտրել, թեև նման բան, ըստ սրբազանի, չի եղել, իրենք ամեն ինչ տեսագրել են:
Հետո արդեն, ըստ արքեպիսկոպոսի, եկել տարել են այդ կնոջը: Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հարցնում է՝ ամեն քաղաքացու ահազանգի դեպքում արդյո՞ք Կենտրոնի ոստիկանապետն է դեպքի վայր մեկնում:
Բագրատ սրբազանը հաստատվել է «Անի Գրանդ Հոթել»-ում: Դեպքը հյուրանոցի համարում է տեղի ունեցել:
Ոստիկանությունից խոստացել են արձագանքել ավելի ուշ: