Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանում առաջարկվել է արգելել կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստանից


Ազգային ժողովում իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջակել է դիտարկել Ռուսաստանից կաթնամթերքի ներմուծումը արգելելու հնարավորությունը։

«Ռուսաստանը իրենց մոտ չի թողնում մեր կաթնամթերքը, իսկ նրանց արտադրանքը մենք ներմուծում ենք։ Ամեն օր, երբ խանութ ենք մտնում, տեսնում ենք հայկական արտադրանքը կրճատվել է», - ասել է պատգամավորը։

«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանի համապատասխան ծառայություններին ասել է ապրիլի 5-ից դադարեցնել կաթնամթերքի մատակարարումները Ռուսաստան, պատճառաբանելով, թե Հայաստանի անասնաբուժական ծառայությունը ռուս ստացողների համար չի կարողանում երաշխավորել կաթնամթերքի անվտանգությունը։

«Ռոսսելխոզնադզոր»-ն ավելի վաղ էլ ժամանակավոր սահմանափակումներ էր կիրառել հայկական Max Fish ընկերության արտադրանքի նկատմամբ՝ նշելով, թե աղիքային ցուպիկների բակտերիա է հայտնաբերել ընկերության կարմիր խավիարում։ Max Fish ընկերությունն այստեղ քաղաքական ենթատեքստ էր տեսել: Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ից մինչև փետրվարի 12-ն էլ հայկական «Ջերմուկ Գրուպ»-ի առանձին խմբաքանակների վաճառքն էր արգելել Ռուսաստանում: Ռուսական կողմը հայտարարել էր, թե Վլադիկավկազի մի բնակիչ մահացել է հիվանդանոցում, որտեղ նրան փորձել են փրկել հանքային ջրի շշից մի կում հեղուկ խմելուց հետո առաջացած սուր այրվածքից:

XS
SM
MD
LG