Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հավելյալ անվտանգային օգնությունը, որի մասին հայտարարվեց երեկ, կրիտիկական պահի է գալիս և կնպաստի ուկրաինական պաշտպանության ամրապնդմանը ռազմաճակատի գծի երկայնքով:
«Մեր գործընկերների կողմից համերաշխության յուրաքանչյուր գործողություն կյանքեր է փրկում, ամրապնդում է մեր անկախությունը, ուժեղացնում մեր դիմակայունությունը: Այն նաև ցույց է տալիս, որ ժողովրդավարություններն ուժեղ են ինքնակալ ագրեսորներից», - գրել է Զելենսկին X սոցիալական ցանցում:
Սպիտակ տունը երեկ հայտարարեց Կիևին հավելյալ 1.25 միլիարդ դոլարի ռազմական օգնության և 1.22 մլրդ դոլարի անվտանգային օժանդակության փաթեթ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ 3.4 մլրդ դոլարի լրացուցիչ բյուջետային օգնություն հատկացնելու մասին:
Պատերազմի մոտ երեք տարվա ընթացքում Միացյալ Նահանգների Կոնգրեսը ընդհանուր 175 մլրդ դոլարի օգնություն է հաստատել Ուկրաինայի համար, փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: