Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօրվա դատական նիստին կրկին դժգոհեց դատավորից. այս անգամ՝ խտրական վերաբերմունքից։
«Անցած անգամ փաստաբան Օրբելյանը, եթե չեմ սխալվում, նկատողություն է ստացել դեմքի արտահայտության համար,, ես նկատողություն եմ ստացել ձեռիս շարժման համար։ Շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի», - հայտարարեց Քոչարյանը։
Նախորդ նիստին նախկին նախագահը նկատողություն էր ստացել ձեռքը շարժելու, իսկ նրա փաստաբանը՝ ժպտալու համար: Քոչարյանն այսօր դատավորին առաջարկում էր սահմանել որոշակի կանոններ․ - «Սահմանել՝ ինչ կարգի դեմքի արտահայտություն մենք պետք է ունենանք և ինչ շարժումներ մենք պետք է չանենք, ու մենք հասկանանք՝ ոնց մեզ պահենք այս դատարանում»։
Երկրորդ նախագահն ու մյուսները զայրացան, որ 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զոհված 28-ամյա Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, նկատողություն չստացավ, երբ Քոչարյանի փաստաբանին ստախոս անվանեց․ - «Ասում եմ, որ աշխարհահռչակ սուտասան փաստաբան ա, էդ եմ ասում»։ Դատավորը բավարարվեց միայն որդեկորույս հորը զգուշացնելով:
Այսօրվա միջադեպի առիթը մեղադրյալ բառն էր: Պաշտոնաթող նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանին նախորդ նիստերի նման դուր չեկավ այն փաստը, որ դատական նիստերի քարտուղարը Քոչարյանին ու մյուսներին ներկայացրեց որպես մեղադրյալներ: Նորից պնդեց՝ նրանք մեղադրյալներ չեն, քանի որ տարիներ առաջ նրանց առաջադրված՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը Սահմանադրական դատարանը ճանաչել է անվավեր ու հակասահմանադրական, ինչից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր մեղադրյալներին: Այս որոշումն, ի դեպ, ուժի մեջ չի մտել՝ Վճռաբեկը բեկանել այն ու ուղարկել նոր քննության:
«Մենք արձանագրում ենք, որ նույնիսկ հեռավոր 2018 թվականին մեղադրանք առաջադրելը, այդ մասով որպես այդպիսին հետապնդում հարուցելը ևս, այսպես ասած, անվավեր են փաստացի դարձել։ Չենք կարող համաձայն լինել, որ կարող օգտագործվել մեղադրյալ եզրույթը», - ասաց Վարդևանյանը։
Արամ Վարդևանյանի այս, ինչպես նաև նախորդ նիստին արած հայտարարություններն էին Քլոյանին զայրացրել, երբ երկրորդ նախագահի փաստաբանը հարցրել էր, թե արդյոք «Մոլոտովի կոկտեյլով» ցուցարարը խաղաղ է։
Հակակոռուպցիոն դատարանում անցած սեպտեմբերից սկսված դատավարությունը հասել է մեղադրանքի առաջադրման փուլ. դատախազները նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն են ներկայացրել դատարանին և սպասում են, որ դատավորը հաստատի այն: Նոր՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածը փոխարինելու է տարիներ առաջվա՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքին:
«Համապատասխանաբար նոր քննության ժամանակ մենք պետք է նոր սահմանները քննարկենք և քննարկենք մի հարց ընդամենը՝ որ հիմքով է կարճվում»․ - Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, սաայն, այսօր պնդեց՝ այս դատարանն ընդամենը մեկ հարց պետք է լուծի՝ որ հիմքով են կարճում գործն ու ինչպես են արդարացնում Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին:
Մինչ Դատախազությունը պնդում է, թե իրավունք ունեն նոր մեղադրանքով դատելու 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ առանցքային որոշումներ կայացրած նախագահին ու նրա թիմակիցներին, երբ 10 մարդ զոհվեց մայրաքաղաքի կենտրոնում, նախկին նախագահն ու նրա թիմակիցները շարունակում են հակադարձել՝ իրենց որոշումներն իրավաչափ էին, իրենք էլ՝ անմեղ: