Դատարանն այսօր որոշեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին հաջորդ նիստին հարկադրաբար ներկայացնել Հակակոռուպցիոն դատարան։ Դատավոր Սարգիս Պետրոսյանն անհարգելի համարեց նրանց բացակայությունն ու բերման ենթարկելը հանձնարարեց Հայաստանի ոստիկանապետին։
Դատավորի հարցին, թե ո՞ւր են մեղադրյալները, փաստաբանների պատասխանն էր՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել նրանց առաջադրված մեղադրանքը, իսկ դա նշանակում է՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն այլևս մեղադրյալ չեն։ Յուրի Խաչատուրովի փաստաբանն ու մյուսները մի քանի անգամ հայտարարեցին. - «Չկա մեղադրանք, բայց անձանց վրա որոշակի պարտականություններ են դրվում։ Դա է խնդիրը»։
Նույնը նախորդ նիստին ասել էր երկրորդ նախագահն ու մեղադրյալի աթոռից տեղափոխվել դատարանի այլ՝ ունկնդիրների հատված։ Քոչարյանի այս արարքին դատավորը գնահատական չէր տվել, միայն այսօր դա որակեց արհամարհանք դատարանի հանդեպ։
Արդեն երրորդ նիստն է ընթանում, բայց դեռ հայտնի չէ, թե ինչ նոր հոդված է առաջադրված 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով անցնող նախկին նախագահին ու նրա ենթականերին։ Դատավորը միայն ասաց, որ մեղադրող կողմն ունի որոշում, ու այն կարող են ընթերցել դատարանում՝ մեղադրյալների ներկայությամբ։
Բայց դատախազներին այսօր էլ չհաջողվեց խոսել նոր մեղադրանքի մասին։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը միայն հասցրեց ընդգծել՝ մեղադրյալները շարունակում են պահպանել այս կարգավիճակը։
4 ժամ տևած դատական նիստն ընդմիջվեց։ Արդեն դատարանի բակում Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն ապօրինի որակեց բերման ենթարկելու որոշումը, ասաց՝ տեղյակ չէ՝ հաջորդ նիստին երկրորդ նախագահն ինքը կգա՞, թե՞ նրան հարկադրաբար կբերեն. - «Մենք 21 թվականից մինչև այս պահը այդպես էլ չենք հասկանում՝ տվյալ մեղադրանքի մասով ինչ կարգավիճակ ունի Ռոբերտ Քոչարյանը»։
Օրբելյանը շարունակում է պնդել՝ այս դատարանն ընդամենը մեկ անելիք ունի՝ դադարեցնել քրեական հետապնդումն ու արդարացնել Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին. Մարտի 1-ի դեպքերի համար նրանք մեկ անգամ արդեն կանչվել են պատասխանատվության։
Դատախազությունից, սակայն, պնդում են վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է նոր քննության, իսկ դա նշանակում է, որ նոր մեղադրանք պետք է առաջադրեն, քննեն ու պարզեն՝ նախկին նախագահն ու մյուսները մեղավոր են Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների համար, թե՝ ոչ։