Մատչելիության հղումներ

«Իրավաբանության խոշտանգում». նոր մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին


Իրավաբանության խոշտանգում, այսօրվա դատական նիստից հետո հայտարարեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երբ դատախազները ներկայացրին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանքը։

«Սա մի խայտառակություն էր։ Փաստաբանների հետ քննարկում, կատակում էինք, ասում՝ սա իրավաբանության խոշտանգում է», - լրագրողներին ասաց նա։

Այժմ էլ իշխանական լիազորություններն անցնելու կամ ազդեցությունը չարաշահելու հոդվածով է դատախազությունն առաջարկում մեղադրել Ռոբերտ Քոչարյանին ու նրա երեք նախկին ենթականերին։ Դատախազ Հայկ Հովհաննիսյանը 5 ժամ տևած նիստին հասցրեց ներկայացնել միայն Ռոբերտ Քոչարյանի ու 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովի մեղադրանքը։ Մեղադրանքը պետք է դեռ հաստատի դատավորը։

«Ռոբերտ Քոչարյանը իր հրամանագրով ապօրինի սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ դրանում ներառելով այնպիսի միջոցառումներ և ժամանակավոր սահմանափակումներ նախատեսող գործողություններ, որպիսիք նախատեսված են եղել 2006թ. ընդունված ռազմական դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում», - ներկայացրեց դատախազ Հովհաննիսյանը։

Ըստ էության, դատախազները կրկնում էին 2008-ի հետընտրական իրադարձությունների մասին իրենց ձևակերպումները, որոնք ի սկզբանե կային տարիներ առաջ ներկայացված մեղադրականում։ Նախագահ Քոչարյանի ստորագրած 0038 հրամանը, որով զինված ուժերը, այդ թվում՝ Արցախից տեղակայվել էր Երևանում, բանակը բերվել էր մարտական ռեժիմի, անօրինական հաստատված արտակարգ դրություն, որը վերածվել էր ռազմական դրության, հավաքները զինված ուժերով ցրելու գործողություններ, 10 զոհեր։

Իսկ նախկին նախագահի կարծիքով՝ առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվելուց հետո այս դատավորը պետք է պարզապես փակեր գործը՝ ուժի մեջ թողնելով արդարացման վճիռը։ Նախկին նախագահի փաստարկն այն է, որ դեռ 2018-ին իրեն առաջադրված սահմանադրական կարգը տապալելու հոդվածը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական, իսկ դա նշանակում է, որ իրեն նույն` Մարտի 1-ի գործով չպետք է նորից մեղադրեն։

«Դուք կարող էիք այս գործը չընդունել վարույթ, կարող էիք էն գլխից... մի տարբերակ էլ՝ ուղարկել Սահմանադրական դատարան և ասել՝ այս ճաշը, որ եփել եք, խնդրում եմ՝ ինձ ցույց տվեք, թե այս եփած ճաշից դուրս գալու ճանապարհը որն է», - ասաց երկրորդ նախագահը։

Քոչարյան Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ որևէ անօրինական արարք իր հրամանով թույլ չի տվել։ Անհեթեթություն ու հեքիաթ որակեց մեղադրանքը, ասաց՝ կարող էր արտակարգ դրություն մտցնել՝ իրավիճակն էր դա թելադրում։ Նաև պնդեց՝ իրեն հայտնի չէ մի դեպք, երբ զինծառայողը կրակել է ցուցարարների վրա, իսկ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել զանգվածային անկարգությունները դադարեցնելու համար, չարձակեր նման հրաման, հիմա կմեղադրվեր անգործության համար։

Ռոբերտ Քոչարյանը պնդեց՝ տեղի ունեցածի մեջ մեղավոր են հրահրողները, ընդգծելով՝ ավելի քան 200 ոստիկան էր վիրավորվել բախումների հետևանքով։

Քոչարյանն ու նրա նախկին թիմակիցները նաև համարում են, որ այս գործը քննող դատավորը անաչառ չէ։ Այսօր փաստաբանները Սարգիս Պետրոսյանին ուղիղ հարցրին՝ արդյո՞ք եղել է իշխող թիմի անդամ։ Դատավորը հաստատեց՝ կարճ ժամանակով եղել է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական թիմում, բայց երբևէ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։ Այսօր Սարգիս Պետրոսյանը հասցրեց նաև Ռոբերտ Քոչարյանին նկատողություն տալ՝ ականջակալները նիստի ընթացքում չհանելու համար։

Հաջորդ դատական նիստը դեկտեմբերի 13-ին է։

XS
SM
MD
LG