Մատչելիության հղումներ

ՌԴ դեսպանը Երևանին մեղադրեց 2022-ին ՀԱՊԿ-ի հետ համագործակցության չգնալու համար


Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին, արխիվ

«Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր կարող էին կրճատվել, եթե 2022 թվականի սեպտեմբերին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթ իրականացնելու առաջարկին», -ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը։

«Союзники. ОДКБ»-ի («ՀԱՊԿ. Դաշնակիցներ») հետ զրույցում Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։

Ռուս դիվանագետը հերթական անգամ կասկածի տակ է դրել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը։

«Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ «մոնիթորինգի» անվան տակ հետախուզություն է հավաքում Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ», - նշել է նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջնորդած կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ։

  • Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
  • Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։
  • Հայաստանը վերջին ընթացքում հրաժարվում է մասնակցել կառույցի միջոցառումներին, հավաքներին. օգոստոսին բաց է թողել միանգամից երկու զորավարժություն։

XS
SM
MD
LG