Մատչելիության հղումներ

Այսօր Կրեմլում տեղի կունենա Պուտինի երդմնակալության արարողությունը


Վլադիմիր Պուտին, արխիվ
Վլադիմիր Պուտին, արխիվ

Այսօր, Մոսկվայի ժամանակով ժամը 12-ին Կրեմլում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ 71-ամյա Պուտինը հինգերորդ անգամ կստանձնի Ռուսաստանի նախագահի պաշտոնը։

Մարտի 15-ից 17-ը Ռուսաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով գործող նախագահ Պուտինն ավելի քան 76 միլիոն քվե է ստացել, ինչը կազմում է ընտրություններին մասնակցած Ռուսաստանի քաղաքացիների ընդհանուր թվի 87,28 տոկոսը։ Արևմուտքում այս ցուցանիշը կասկածելի են որակել։

«Այս ընտրություններն ակնհայտորեն ոչ ազատ էին ու ոչ էլ արդար, հաշվի առնելով, որ պարոն Պուտինն իր ընդդիմախոսներին բանտերն էր նետել, մյուսներին էլ թույլ չտվեց առաջադրվել», - հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին։ Նույնն է պնդել նաև Եվրամիության արտգործնախարար Ջոզեպ Բորելը։

71-ամյա Պուտինը կմնա Կրեմլում ևս 6 տարի՝ մինչև 2030 թվականը՝ իշխանության երկարակեցությամբ գերազանցելով անգամ սովետական բռնապետ Իոսիֆ Ստալինին:

Պուտինի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վարչապետը, նրա տեղակալներն ու նախարարները կշարունակեն աշխատել մինչև նոր կառավարության ձևավորումը։

18-րդ կառավարությունը կձևավորվի արդեն նոր կանոնակարգի համաձայն, որն ամրագրվեց 2020 թվականի սահմանադրական փոփոխություններով։ Եթե նախկինում կաբինետի բոլոր անդամները նշանակվում էին նախագահի հրամանագրերով, ապա այժմ հարկավոր է խորհրդարանի հաստատումը։ Երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում նախագահը պետք է Պետդումային ներկայացնի վարչապետի թեկնածուին, քննարկման համար մեկ շաբաթ է նախատեսված։ Իսկ ընտրված վարչապետն էլ արդեն կներկայացնի իր տեղեկալների, նախարարների թեկնածությունները։

Իսկ ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, պաշտպանության, արտաքին գործեր և արդարադատության նախարարներին պետության ղեկավարը կնշանակի Դաշնային խորհրդի հետ խորհրդակցություններից հետո: Խորհրդարանում արդեն ասել են, որ պատրաստ են հնարավորինս արագ իրականացնել բոլոր ընթացակարգերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG