Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոնղոլիայի ճանապարհն է բռնել այն դեպքում, երբ սեփական երկրում մոտ մեկ ամիս է՝ զինված ուժերը չեն կարողանում ազատագրել ուկրաինական բանակի վերահսկողության տակ անցած տասնյակ բնակավայրեր։
Միջուկային պատերազմով սպառնացող Պուտինն այսօր Տուվայի դպրոցականների հետ հանդիպմանն այս առթիվ զուտ մտահոգություն է հայտնել, ուկրաինացիների ներխուժումն էլ ներկայացրել որպես որոշակի հանգամանքներ ու փորձություն Ռուսաստանի ժողովրդի համար։
«Այսօր մենք մտածում ենք Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի շրջանների դպրոցականների մասին, որոնք որոշակի հանգամանքների բերումով ստիպված են առցանց սովորել։ Մեր զինված ուժերն ամեն ինչ անելու են՝ այդ երեխաների բնականոն կյանքը վերականգնելու համար», - ասել է ՌԴ ղեկավարը։
Նախկինի պես, այսօր էլ Վլադիմիր Պուտինը պնդել է, թե Մոսկվան, որ 2.5 տարի առաջ պատերազմ սկսեց հարևանի դեմ, մշտապես պատրաստ է գնալ խաղաղ կարգավորման, բայց նախ պետք է ուկրաինական ստորաբաժանումները դուրս հանել «Ռուսաստանի տարածքից»։ Թե երբ դա ռուսներին կհաջողվի, չի հստակեցրել։
Ռուսները շարունակում են առաջ գնալ Դոնեցկի մարզում։ Ռուսական ստորաբաժանումներն այսօր վերահսկողության տակ են վերցրել Սկուչնոյե ավանը, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Զանգվածային հրթիռակոծության տակ են եղել նաև ուկրաինական քաղաքները, այդ թվում՝ Կիևը։
«Բալիստիկ հրթիռների անհավանական մեծ քանակություն»,- գրել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
«Այնքան զայրացնող է, որ մեր հարևաններն անընդհատ ասում են, թե հարվածում են ռազմական ենթակառուցվածքին։ Նրանք հարվածել են Օխմադիտի մանկական հիվանդանոցին և հայտնել, որ այնտեղ զինվորականներ են տեղակայված։ Այստեղ կա՞ն զինվորներ: Սա ռազմական շինությո՞ւն է այստեղ։ Դա շատ նյարդայնացնող է։ Դա ուղղակի սարսափելի է։ Ձեռքերս դեռ դողում են», - պատմել է տեղացիներից մեկը։
Սեպտեմբերի 1-ի կեսօրին էլ ռուսական կողմը մոտ 10 հարված էր հասցրել Խարկովի ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ այստեղ տուժել է ավելի քան 40 մարդ, այդ թվում՝ 5 երեխա և առնվազն 2 բուժաշխատող։
Ուկրաինան էլ իր հերթին է թիրախավորում ռուսական քաղաքները։ Անցած երկու օրվա ընթացքում հարյուրավոր անօդաչուներ են հասել Ռուսաստան, ընդ որում՝ ոչ միայն սահմանամերձ Բելգորոդի, այլև ռուս-ուկրաինական սահմանից 800 կիլոմետր հեռու՝ Մոսկվայի մարզ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ անցած գիշեր երկրի 15 մարզերում 158 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել։ Սա ամենամեծ թիվն է արդեն 2.5 տարի շարունակվող պատերազմից ի վեր։
«Ազատության» "Настоящее время" ծրագրին տված հարցազրույցում Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը՝ Միխայիլ Խոդորկովսկին, ասել է՝ թեև ուկրաինական կողմի վերջին գործողությունները էապես փոխել են պատերազմի ընկալումը Ռուսաստանի ներսում, սակայն Պուտինն այն կարող է ևս մի քանի տարի շարունակել։
«Մեկ տարի հետո գուցե ռուսական հասարակության մեջ կհայտնվեն ճիշտ նույն տարրերը, որոնք այժմ կան Ուկրաինայում, այսինքն՝ հոգնածությունը պատերազմից, բայց Ուկրաինայում մարդիկ պաշտպանում են իրենց հողը, Ռուսաստանում՝ ոչ», - նշել է նա։
Այս ֆոնին ուկրաինական քաղաքներում հարյուրավոր դպրոցներ երկրորդ տարին է՝ ստիպված են սեպտեմբերի 1-ը դիմավորել մետրոյի ստորգետնյա կայարաններում։ Շատերի համար դա պատերազմից պատսպարվելու միակ հնարավորությունն է մնում։