Մատչելիության հղումներ

Փոփոխությունները Ֆրանսիայում կազդե՞ն հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա. փորձագետների գնահատականները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում ձախակողմյան դաշինքի հաղթանակն ու կառավարության փոփոխությունը կազդի՞ արդյոք հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, Փարիզը կշարունակի՞ զենքի վաճառքը և աջակցությունը Երևանին միջազգային ատյաններում։ Փորձագետները չեն շտապում միանշանակ գնահատականներ տալ, ամեն ինչ կախված է նաև առաջիկա շաբաթների զարգացումներից՝ միմյանց հետ տարաձայնություններ ունեցող հաղթող ուժն ու երկրորդ տեղում հայտնված Մակրոնի կուսակցությունը կոալիցիա կկազմե՞ն արդյոք. որևէ միավորի չի հաջողվել միայնակ ապահովել մեծամասնություն։

Միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ Սոսի Թաթիկյանը հիշեցնում է, որ ընտրություններում հաղթած «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի օրակարգը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցում դրական է. - «Նրանք ունեն մի ամբողջ պարագրաֆ, որով անգամ կոչ են անում Եվրամիությանը չեղարկել Ադրբեջանի հետ գազի համաձայնագիրը՝ մինչև այն, երբ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներից կհրաժարվի, ինչպես նաև պահանջում են Արցախի հայերի ապահով վերադարձ և իրավունքներ»:

«Թե ինչքանով է սա դեկլարատիվ և ինչքանով իրական, դա կյանքը իհարկե ցույց կտա, սակայն այն տեսակետն է, որ նրանք նույնպես Ռուսաստանի հանդեպ ունեն որոշ համակրանք և Եվրամիության և ՆԱՏՕ-ի հանդեպ ունեն մեծ սկեպտիցիզմ ու վերապահումներ», - «Ազատության» հետ զրույցում նշեց միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետը:

Միաժամանակ, սակայն, ըստ Սոսի Թաթիկյանի, Ֆրանսիայում սպասվող քաղաքական անկայունությունը կարող է անուղղակի բացասական ազդեցություն թողնել Փարիզի կողմից Երևանին ցուցաբերվող աջակցության վրա. - «Կոալիցիաների անկայունություն և դժվար կանխատեսելիություն՝ Եվրամիությունում և նաև այլ կազմակերպություններում, ինչպես ՆԱՏՕ-ում, միգուցե նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, դա կարող է հանգեցնել Ֆրանսիայի ազդեցության նվազմանը, որը, իր հերթին, կարող է անուղղակի կերպով անդրադառնալ Հայաստանի հանդեպ Ֆրանսիայի աջակցության նվազեցմանը»:

Հետխորհրդային երկրների մասին ֆրանսիական հեղինակավոր լրատվամիջոցներին թղթակցող Ռեժիս Ժանտեն առայժմ դժվարանում է գնահատել, թե Փարիզը ինչ քաղաքականություն կորդեգրի Երևանի հարցում, քանի դեռ հստակ չէ՝ ով կլինի հաջորդ վարչապետը, ոչ էլ կա կոալիցիայի իրատեսական հնարավորություն:

«Հատկապես Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հարցը շատ զգայուն է։ Նախագահ Մակրոնի կուսակցությունը, ինչպես նաև երեկ հաղթած ուժերը Հայաստանի աջակցության դիրքերում են։ Չեմ կարծում, թե դա կփոխվի։ Բայց ամբողջ Կովկասի համար շատ ավելի կարևոր է, թե ինչ ելք կունենա պատերազմը Ուկրաինայում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ժանտեն:

Ֆրանսիացի լրագրողը, մասնավորապես, հիշեցնում է երեկ հաղթած ձախերի առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի հայտարարությունները ի պաշտպանություն Ռուսաստանի:

«Արդյո՞ք դա կազդի Ֆրանսիայի քաղաքականության վրա Կովկասի՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի հարցում, չեմ կարծում։ Բայց նաև դեռ վաղ է վստահ ասելը», - նշեց Ժանտեն:

Սոսի Թաթիկյանը նաև նկատում է, որ թեև ծայրահեղ աջերը կիրակի պարտվեցին, սակայն Մարին Լը Պենի գլխավորած ուժը մեծ հաջողություն էր գրանցել Եվրախորհրդարանի ընտրություններում, ինչի պատճառով էլ Մակրոնը ցրեց խորհրդարանը։ Լը Պենն արդեն հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանում «Եվրոպայի հայրենասերների դաշինք» է ձևավորելու Հունգարիայի վարչապետ Օրբանի կուսակցության հետ, ինչը, ըստ Թաթիկյանի, կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի հարցում. - «Որը նախատեսվում է, որ նաև Ռուսաստանի հետ մերձեցման քայլեր կձեռնարկի, և Օրբանը նաև շրջափակում է Եվրամիության կողմից հայաստանամետ որոշ դիրքորոշումներ, հայտարարություններ և Եվրամիության խաղաղության գործիքից Հայաստանին ցուցաբերվելիք օգնությունը»:

Նախագահ Մակրոնը դեռ դիրքորոշում չի հայտնել ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ, գործող վարչապետին նա խնդրել է դեռ շարունակել պաշտոնավարել՝ մինչև հնարավոր համաձայնությունը հաղթող ուժի հետ։

XS
SM
MD
LG