Չնայած բոլոր սպասելիքներին ու կանխատեսումներին՝ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում են ոչ թե ծայրահեղ աջերը, այլ՝ ծայրահեղ ձախերը։
«Անկոտրում Ֆրանսիայի», սոցիալիստների, կանաչների, կոմունիստների և մյուս ձախերի ձևավորած «Նոր ժողովրդական ճակատը» հաջորդ գումարման Ազգային ժողովում հարաբերական մեծամասնություն կունենա՝ 188 մանդատ, այն դեպքում երբ կառավարության ձևավորման համար առնվազն 289 տեղ է հարկավոր լինելու։ Չնայած դրան, «Նոր ժողճակատի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը քվեարկության արդյունքների հրապարակումից րոպեներ անց արդեն պահանջում էր, որպեսզի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հենց իր ղեկավարած ուժին հանձնարարի կառավարություն ձևավորել։
«Նախագահը կառավարության ղեկը «Նոր ժողովրդական ճակատին» հանձնելու թե՛ լիազորություն, թե՛ պարտավորություն ունի։ «Նոր ժողովրդական ճակատը» կհարգի այն մանդատը, որ ստացել է իր օգտին քվեարկած ընտրողների ձեռքից։ Մենք հավատարիմ կլինենք մեր նախընտրական խոստումներին՝ կյանքի կոչելով այն ամենը, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում, ոչինչ բացի այն ամենից, ինչ գրված է մեր նախընտրական ծրագրում», - հայտարարում էր Մելանշոնը։
Հարկ է, սակայն, նկատել, որ ձախերը խորհրդարանում ամենամեծ խմբակցությունը կարողացան ձևավորել բացառապես Ֆրանսիայում գործող մեծամասնական ընտրակարգի շնորհիվ։ Ըստ Politico Europe հանդեսի, ֆրանսիացի ազգայնականների կուսակցությունը՝ «Ազգային միավորումը», կիրակնօրյա ընտրություններում ստացել է քվեների շուրջ 37 տոկոսը, ինչն ընտրությունների հաղթող ձախերի ձայներից ավելի է շուրջ 10 տոկոսով։ Ազգայնական թեկնածուները, այդուհանդերձ, կարողացել են հաջողության հասնել 577 մեծամասնական ընտրատարածքներից միայն143-ում։
Դրա պատճառը ձախերի և նախագահ Մակրոնի կուսակցության միջև կնքված դաշինքն էր։ Այս ուժերը պայմանավորվել էին երկրորդ փուլում պաշտպանել միմյանց թեկնածուներին՝ ազգայնականների հաղթանակը թույլ չտալու համար։
«Ցավոք սրտի, Էմանյուել Մակրոնի և վարչապետ Գաբրիել Ատալի կողմից ծայրահեղ ձախ ուժերի հետ կազմած այս խայտառակ դաշինքը, այս ուժերի միջև ձեռք բերված վտանգավոր ընտրական պայմանավորվածությունները ֆրանսիացի ժողովրդին զրկեցին վերածննդի հնարավորությունից։ Այս պայմանավորվածությունները մեզ նետում են Ժան-Լյուկ Մելանշոնի ծայրահեղ ձախերի գիրկը», - երեկ երեկոյան Փարիզում հայտարարում էր «Ազգային միավորման» առաջնորդ Ժորդան Բարդելան։
Փորձագետների համոզմամբ՝ առաջիկա շաբաթները կամ նույնիսկ ամիսները Ֆրանսիայում կարող են աչքի ընկնել ներքաղաքական անկայունությամբ։ Երեկվա ընտրությունների արդյունքում Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացված երեք ուժեր՝ ձախերը, ազգայնականներն ու Մակրոնի կողմնակիցները, խոշոր խմբակցություններ կձևավորեն, սակայն դրանցից և ոչ մեկը միանձնյա կառավարություն կազմելու համար բավարար թվով քվեներ չի ունենա։ Իրավիճակը բարդանում է այն պատճառով, այս երեք ուժերը մեծ ոգևորությամբ չեն վերաբերվում նաև կոալիցիոն կառավարության ձևավորման հեռանկարին։ Նախագահի կողմնակիցներն ու ձախերը բացառում են որևէ տեսակի դաշինք ազգայնականների, ազգայնականներն ու ձախերը՝ մակրոնականների հետ։
Նման իրավիճակում այսօր առավոտյան Մակրոնի մերձավոր թիմակից, վարչապետ Գաբրիել Ատալը ժամանեց Ելիսեյան պալատ՝ հրաժարական ներկայացնելու մտադրությամբ։ Իր այս քայլի դրդապատճառները նա բացատրել էր քվեարկության ավարտից րոպեներ անց։
«Այն քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, այսօր եռապատիկ ավելի քվե է ստացել քան կանխատեսվում էր։ Չնայած դրան՝ մենք կորցրել ենք մեծամասնությունը, և ես, հավատարիմ մնալով հանրապետական ավանդույթներին և իմ սկզբունքներին, պատրաստվում եմ հրաժարականի դիմում ներկայացնել հանրապետության նախագահին», - հայտարարում էր վարչապետ Գաբրիել Ատալը։
Ֆրանսիական մամուլի փոխանցմամբ, սակայն, նախագահ Մակրոնը Ատալին խնդրել է առժամանակ շարունակել կատարել վարչապետի պարտականությունները՝ «երկրում կայունությունը պահպանելու նպատակով»։