«Ռամիկ եմ, իշխան դառնալ չեմ ուզում». - Արցախից տեղահանված, Դրմբոն գյուղը 36 տարի կառավարած Սուրեն Շաբոյանն է պատասխանում Կառավարությանը, որը, ըստ նրա, փորձում է արցախցիների բարձրացրած հարցերը տեղավորել միայն «հացի խնդրի տակ»։ Իրենց պահանջն, ասում է տարեց արցախցին, արժանապատիվ կյանքի մասին է. - «Էս ա միակ մեր բանը, մի շան չափ չկա՞նք»:
Հանրայինի եթերում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էր երեկ բացատրում, որ արցախցիների՝ բնակվարձի 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը, որ ապրիլի 1-ից կրճատվեց, նպատակից շեղվել էր: Կառավարության ներկայացուցիչը նախ հիշեցրեց, որ սա ժամանակավոր ծրագիր էր, հետո էլ եզրակացրեց՝ և դա պատճառ դարձավ, որ մարդիկ չդիմեն բնակարանի համար սերտիֆիկատ ստանալու ծրագրին։
«Պատճառներից մեկը նա է, որ քանի դեռ հասանելի է, հասանելի էր 50-հազարական դրամ աջակցության ծրագիրը, մարդիկ մտածում են, հավանաբար, որ կարելի է շարունակել օգտվել այդ ծրագրից, երբ կդադարի այդ ծրագիրը, այն ժամանակ էլ կդիմեն բնակարանային աջակցության ծրագրից օգտվելու համա», - հայտարարեց Խաչատրյանը:
«Քո բնակարանդ ինձ պետքը չի, երեք անգամ ես տուն եմ դրել, երեք անգամ թողել ընդեղ, ինձ պետք էլ չի իմ տունս քանդված տեսնեմ, մի հատ իմ գերեզմաններս ընդեղ են», - հակադարձում է դրմբոնցի Սուրեն Շաբոյանը:
Շաբոյանն այսօր Ազատության հրապարակում էր. այստեղ ավելի քան տասն օր է մի խումբ արցախցիներ նստացույց են անում՝ պահանջելով Հայաստանի իշխանություններից հստակ պատասխան տալ իրենց 12-կետանոց պահանջագրին, որտեղ սոցիալական խնդիրներից բացի նաև իրենց վերադարձի իրավունքի, գերիների ազատ արձակման հարցերն են բարձրացնում։ Նամակագրական կապը, կարճ հանդիպումները պաշտոնյաների հետ բավարար չեն համարում և տևական ժամանակ է տարբեր ակցիաների միջոցով շարունակում են պնդել, որ դրսում են հայտնվելու, եթե բնակարանային արժանապատիվ ծրագրի հարցը չլուծվի.
«Մի վայր, էնքան որ տանիք լինի, մենք մեջը ապրենք, կարողանանք յոլա գնանք, մինչև որ պայմաններ կստեղծվի՝ մենք հետ կգնանք Արցախ: Մեզ պետք է ժամանակավոր կացարան ... »:
«Եվրոպական քաղաքների գների են հասել, ու մարդիկ ստիպված արտագաղթելու են այնպիսի վայրեր, որտեղ գոնե բնակվարձը այս աստիճան բարձր չէ ... »:
«Եվ այստեղ այնքան խոցելի խավեր կան, որ ուղղակի հնարավոր չի, որ նրանց օգնություն չտաս՝ հայտնվելու ա փողոցում ... »:
Կառավարությունից արցախցիներին հայտնել են, որ 40+10-ի ծրագրից ապրիլի 1-ից կօգտվեն միայն անչափահասները, տարեցները, հաշմանդամության առաջին ու երկրորդ խումբ ունեցողները և այլ խոցելի խմբեր: Հուլիսից, սակայն, այս օժանդակությունը 10 հազար դրամով կնվազի: Կառավարությունը հիմնավորում է, որ 22 հազար արցախցի արդեն աշխատանք ունի:
«Բայց կան միջին խավի աշխատողներ՝ նրանք չեն կարողանում, անընդունակ են, ոչ թոշակառու են, ոչ մի բան չունեն: Թող յուրաքանչյուր շրջանի համար տան, ճշտեն, միգուցե քիչ ա էդ մարդիկը, էդ մարդկնց գոնե բավարարեն», - ընդգծում է Արմեն Շաբոյանը:
Փոխվարչապետ Խաչատրյանը երեկ հիշեցնում էր, որ 115 միլիարդի ծրագրեր են արել տեղահանվածների համար, հարցազրույցի ամբողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում էր բնակարանի սերտիֆիկատի թեման։
Մինչ արցախցիները սրտնեղում են, որ առաջարկվող գումարով դժվար է տուն գտնել, փոխվարչապետը երեկ այլ թվաբանություն ներկայացրեց. - «3, 4 կամ 5 միլիոն դրամ ենք հատկացնում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ է նախատեսում էդ բնակարանը գնել կամ տունը կառուցել: Ենթադրենք՝ 5 միլիոն դրամը, սահմանամերձ բնակավայրերում էին՝ էդպես անվանենք, որովհետև իրենք հիմնականում Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում նախատեսված բնակավայրեր էին, չնայած այնտեղ կան նաև Արարատի մարզում, Վայոց ձորում, և պատկերացնենք, որ էդ 5 միլիոն դրամները հեռու են Երևանից, աշխատանքի հնարավորություններն են որոշակիորեն սահմանափակ: Մենք բազմաթիվ բնակավայրերի համար կատարված որոշմամբ, վերջին կայացված որոշմամբ 4 միլիոն դրամ ենք դարձրել աջակցության չափը, օրինակ, Վանաձորում, օրինակ՝ Հրազդանում, օրինակ՝ Արմավիրում»:
Չնայած փոխվարչապետի ներկայացրած այս հեռանկարին, դրմբոնցի տղամարդը սեփական հաշվարկներն է արել, որոնք լավատեսության տեղ չեն թողնում. - «Ասենք երկու հոգի ենք՝ 6 միլիոն դառավ, 6 միլիոնով ի՞նչ կարաս անես՝ երկու տարի վարձ, ուրիշ չկա, երկու տարի կարաս վարձ տաս ապրես»:
«Հայաստանում էլ ունենք խոցելի խավեր: Չեմ ուզում որևիցե մեկից գանգատվեմ, չեմ ուզում որևիցե բաներ, մի խանգարեք մեզ, թողեք ապրենք, էլի, ցավդ տանեմ», - շարունակեց Շաբոյանը:
Պաշտոնական թվերն էլ հօգուտ Կառավարության բնակարանային ծրագրի չեն։ Ընդամենը 900 արցախցի ընտանիք է այդ սերտիֆիկատը ստացել։ Եվ այդ 900-ից 800-ի դեպքում անգամ թուղթը տուն չի դարձել։ Փաստացի տասնյակ հազարավոր տեղահանված արցախցի ընտանիքներից միայն 100-ին է հաջողվել բնակարան գնել պետության առաջարկած գումարով։