Մատչելիության հղումներ

Արցախցիները նստացույց են սկսում Ազատության հրապարակում


Արցախցիներն այսօրվանից Ազատության հրապարակում նստացույց են սկսում, որ Արցախի հարցը չփակվի ու օրակարգում մնա:

Հանրահավաքի ավարտին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը 12 պահանջ ներկայացրեց Հայաստանի կառավարությանը. - «Նախաձեռնողական, հետևողական ու պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերն՝ ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը»:

Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը պահել կառավարության ու միջազգային ատյանների օրակարգում, արցախցիների ճակատագիրը որոշող հարցերում ներգրավել Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներին, ջանքեր գործադրել Բաքվի բանտերում պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Նրանք Հայաստանի իշխանությունից պահանջում են դադարեցնել արցախցիների նկատմամբ ատելության քարոզն ու պատժել այդ մարդկանց:

Սոցիալական աջակցության հարցեր էլ կային 12 կետանոց պահանջագրում. - «Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար, ներառյալ՝ Ա. բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը: Բ. նոր, արդար ու արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ: Հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանցից բխող պարտավորությունները: Վերանայել Արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հակասահմանադրական որոշումը»:

Ակցիայի մասնակիցները կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ տվեցին իրենց պահանջներին պատասխանելու, արձագանքելու համար: Հանրահավաքից հետո վրաններ տեղադրեցին, շտաբ են ձևավորելու: Եթե իրենց բավարարող պատասխաններ չտա վարչապետ Փաշինյանը, կշարունակեն հանրահավաքներն ու քայլերը, այդ մասին մանրամասն կխոսեն երկուշաբթի:

Հանրահավաքի օրակարգում միայն արցախցիների իրավունքների վերաբերյալ հարցեր էին, հազարավոր քաղաքացիներ էին հավաքվել Ազատության հրապարակում, Օպերայի հարևանությամբ ոստիկանական տասնյակ մեքենաներ կային ու ոստիկանության զորքեր էին կուտակված: Հանրահավաքն անցավ առանց միջադեպի:







XS
SM
MD
LG