Մատչելիության հղումներ

Պլաններ կազմելն անշնորհակալ գործ է, քանի դեռ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով անհնար է ինչ-որ բան անել. Ասլանյան


Պլաններ կազմելն անշնորհակալ գործ է, քանի դեռ Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով անհնար է ինչ-որ բան անել, այսօր հայտարարեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, ով երկու ամիս առաջ էր ազատվել երկարատև կալանքից՝ գրավի դիմաց։

2021 թվականի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած դաշինքի առաջնորդը քաղաքական դաշտում նոր անելիքների մասին չի խոսում, պնդում է՝ թիմում քննարկումներ չեն ունեցել։

«Ոչ մեկին չեմ հանդիպել, ոչ մեկին չեմ տեսել Ձեզ հետաքրքրող անձանց շրջանակից Վանաձորում հաճախ լինում եմ, շփվում եմ համաքաղաքացիների հետ, այնտեղ, որտեղ ցանկանում եմ լինել, լինում եմ այնտեղ, բայց հատուկ շփումներ որևէ մեկի հետ չեմ ունեցել: Մեր թիմում քննարկումները նախաձեռնում եմ ես, թիմն առանձին քննարկումներ, բնականաբար, չի նախաձեռնում, որովհետև հասկանում է, որ այս ամեն ինչի պատասխանատուն հետևանքների կրողը ես եմ եղել, և հետևաբար այդ որոշումներն իմ նախաձեռնությամբ են կայացվում», - ասաց Ասլանյանը:

Վանաձորում 3 տարի առաջ ընտրությունների արդյունքների բողոքարկման հետևանքով համայնքի ղեկավար ընտրելու հարցով նիստ անցկացնելու արգելանք սահմանվեց, այնտեղ հիմա ժամանակավոր կառավարում է։ Ու չնայած փորձագետները պնդում են, որ ընտրական վեճերը դատարաններում ավարտվել են ու որ Վանաձորի ավագանին պետք է՝ դեռ մեկ տարի առաջ նիստ գումարեր ու համայնքի ղեկավար ընտրեր, Մամիկոն Ասլանյանն ասում է՝ արգելանքը ավագանու նիստերի նկատմամբ դեռ կա, նոր նախաձեռնություններն անիմաստ են։

«Այն դեպքում, երբ ընտրական վեճերը պիտի առավելագույնը սեղմ ժամկետներում քննվեն ու դրանց նկատմամբ որոշումներ կայացվեն, կարծեմ դա հինգ օր է, բայց Վանաձորում այդ պրոցեսը տևում է երկու տարի 9 ամսի ու դեռ շարունակվում է», - նշեց նա:

Իրավապաշտպանը հակադարձում է՝ «Մամիկոն Ասլանյանի» թիմը լիարժեք հնարավորություն ունի ավագանու նիստ նախաձեռնելու

Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը հակադարձում է՝ Վանաձորի ավագանու խմբակցությունները, այդ թվում՝ «Մամիկոն Ասլանյանի» թիմը լիարժեք հնարավորություն ունեն ավագանու նիստ նախաձեռնելու։ Բայց բաց են թողել բոլոր հնարավորությունները, ուստի պետք է լուծարել այդպես էլ օրենքի պահանջով չաշխատած ավագանին, համոզված է իրավապաշտպանը։ Նրա ղեկավարած հասարակական կազմակերպությունը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, պահանջել հարցը հասցնել Սահմանադրական դատարան։ Իրավապաշտպանն ասում է՝ Վանաձորում սահմանադրական կարգը տապալվել է։

«Իրավական պրոցես արդեն մի տարի չկա, որովհետև չկա արգելանք: Այսինքն՝ չկա արգելանք և դատարանը նույնիսկ արգելանքի հարց չի էլ քննում: Վանաձոր համայնքում արդեն մեկ տարի իշխանությունը յուրացված է», - ընդգծեց Քոթանջյանը:

Ինչո՞ւ ավագանու ամենամեծ ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունը նիստ չնախաձեռնեց անգամ իրենց առաջնորդի կալանքից ազատվելուց հետո։ Դեռ երկու տարի առաջ կոռուպցիայի համար մեղադրվող Մամիկոն Ասլանյանի կալանքի տակ եղած ժամանակ, նրա թիմակիցներից երկուսը դադարեցրին խմբակցության բոյկոտն ու ներկայացան իշխանությունների նախաձեռնած արտահերթ նիստերին։

Այսօր էլ «Ազատությանը» հայտնի դարձավ, որ երկու ամսով կալանավորվել է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նա կալանավորվել է հարկերը, տուրքերը կամ այլ վճարները չվճարելու մեղադրանքով։

Վահագն Ավագյանը ԱԺ նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վաբա» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը դեռ անցած տարի սնանկ է ճանաչվել։

Փաստորեն, անգամ համայնքի ղեկավարի ընտրություն նախաձեռնելու դեպքում Մամիկոն Ասլանյանի գլխավորած խմբակցությունը չի ունենա բավարար ձայներ իր առաջնորդին համայնքի ղեկավար ընտրելու համար։

XS
SM
MD
LG