«Փոքրիկ մաղարիչ էր, ոչ թե կաշառք», - արդարանում է երեք օր առաջ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել Վանաձորի գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանին միջնորդի միջոցով կաշառք տալու համար։ Ինքն ազատ է արձակվել չհեռանալու մասին ստորագրությամբ, գործով անցնող պաշտոնյան՝ Սուրեն Աբովյանը, երկու ամսով կալանավորված է։
Գործարարը պատմում է՝ դեռ տարիներ առաջ «Գլորիա» ֆաբրիկայի հարակից հատվածում հողատարածք է գնել՝ ընտանիքի սեփականությունն էր։ Այս տարի որոշել է այդ տարածքում ֆաբրիկայի համար պահեստ կառուցել, փաստաթղթավորումը պատվիրակել է գործին տեղյակ շինարարական կազմակերպություններից մեկին, որ իր փոխարեն նրանք վերահսկեն գործընթացն ու պետական դռներ ծեծեն։ Ասում է՝ զբաղված գործարարի համար մեծ գլխացավանք է գործ ունենալ համայնքապետարանի հետ։
«Դե հիմա բոլորը երևի չգիտեն, ես գիտեմ, որ շատ դժվար է քաղաքապետարանում՝ ճարտարապետական բաժնում թղթաբանությունը. հերթեր, ժամանակի կորուստ, ներվերի կորուստ», - նշեց նա:
Ըստ երկկողմանի պայմանագրի` Լոռու մարզում գործող «Մարգարյան Բիլդինգ Գրուպ» ընկերությունը, որպես միջնորդ, պետք է շինարարական նախագիծ կազմեր, տեխհսկողություն իրականացներ ու պետական կառույցներից անհրաժեշտ փաստաթղթերն ստանար՝ գործը հասցնելով մինչև պահեստի սեփականության վկայական։ Ասում է՝ դրա համար շինարարական ընկերությանը 3 միլիոն դրամ է վճարել ու խնդրել գործն արագ գլուխ բերել՝ թեկուզ մաղարիչի միջոցով։
«Էդ մարդը, որ նույնիսկ իր հաշվարկը ներկայացրեց ինձ, հաշվարկը հիմա քննիչների մոտ է, ինձ մի քիչ թանկ թվաց, որովհետև էդ փոքր կառույցի համար...., ասի՝ դե լավ դե մի բան էլ մաղարիչ արա, որ արագացնեն: Դե բոլորն էլ էդ ձև արտահայտվում են, բայց ես հո նրան չեմ ասել՝ վերցրու էդ գումարից տար կաշառք տուր», - ասաց Բագրատ Դարբինյանը:
Հիմա ավելի քան 2400 աշխատատեղ ու Եվրոպայից բազմաթիվ պատվիրատուներ ունեցող գործարարը փաստի առաջ է կանգնել։ Մի կողմից ընդունում է՝ օրենք է խախտել, մյուս կողմից համոզված է՝ չխախտեր՝ շինարարությունն ու դրա ավարտական ակտն ստանալը նյարդեր ու քաշքշուկներ էր արժենալու։
Պահեստն արդեն կառուցված է, կալանավորված պաշտոնյայի ստորագրությամբ ավարտական ակտը՝ ձեռքի տակ։ Բայց փաստաթղթերը կադաստր հասնելու փոխարեն Հակակոռուպցիոն կոմիտե են հասել։ Երեք օր առաջ շինարարական կազմակերպությունից 4 անձ ձերբակալվել էր։ Հակակոռուպցիոնն այդպես էլ չի հայտնում՝ նրանք կալանավորվե՞լ, թե՞ ազատ են արձակվել։
«Ազատության»-ը չհաջողվեց կապ հաստատել ընկերության ղեկավարի հետ։ Իսկ կալանավորված ճարտարապետ Սուրեն Աբովյանի ղեկավարի՝ համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մամուլի խոսնակն «Ազատության»-ն ասաց՝ իրենք այս հարցով որևէ մեկնաբանություն չունեն։ Փելեշյանը, նրա խոսքով, տեղյակ չի եղել։
Կալանավորված գլխավոր ճարտարապետի փաստաբանը ևս հրաժարվեց մեկնաբանությունից։ Ասաց՝ չեն կարող խոսել, քանի դեռ իրենց պաշտպանյալի թույլտվությունը չունեն։
Սուրեն Աբովյանը մեղադրյալ է նաև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գործով, որն ավելի քան երկու տարի քննում է դատարանը։ Նա, ըստ իրավապահների, օժանդակել է Մամիկոն Ասլանյանին չարաշահել պաշտոնեական լիազորություններն ու կեղծիք կատարել: Դատաքննությունը դեռ շարունակվում է։