Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը խորհրդարանում կկայանա եկող ամսվա սկզբին: Այդ մասին երկրի պետական լրատվամիջոցներին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջտաբա Յոսեֆին:
Նախ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին պետք է «թանզիֆ» կոչվող արարողության ժամանակ հավանություն տա Փեզեշքիանի հաղթանակին: Ապա ենթադրաբար օգոստոսի 4-ին կամ 5-ին տեղի է ունենալու նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, ասել է Յոսեֆին:
Այնուհետև, ըստ նույն աղբյուրի, Փեզեշքիանը 15 օր կունենա՝ խորհրդարանին ներկայացնելու իր կառավարության կազմը վստահության քվե ստանալու համար:
69-ամյա Մասուդ Փեզեշքիանն ուրբաթ օրը կայացած ընտրությունների երկրորդ փուլում հավաքել է ընտրողների ձայների ավելի քան 53, նրա մրցակից Սայիդ Ջալիլին՝ մոտ 44 տոկոսը։
Երկրորդ փուլին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը՝ ավելի քան 30 միլիոն իրանցի։
Արտահերթ նախագահական ընտրություններն Իրանում նշանակվեցին նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո։ Հունիսի 28-ին անցկացված առաջին փուլում թեկնածուներից և ոչ մեկը քվեների մեծամասնությունը չէր ստացել։