Մատչելիության հղումներ

Պետությունը հետ է պահանջում Սնուփ Դոգի հետաձգված համերգի ամբողջ գումարը


Պետությունը հետ է պահանջում ռեփեր Սնուփ Դոգի ավելի քան մեկ տարի հետաձգված համերգի ամբողջ գումարը։ Կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հայտարարեց, որ դիմել են համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը կառավարության հատկացրած գումարը պետբյուջե վերադարձնելու համար։ Պետությունը աշխարհահռչակ ռեփերի համերգի համար 2023-ին մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել։

«Համերգը չի կայացել, ես այս թեման համարում եմ փակված և կարևոր եմ համարում, որ ինչպես որ պայմանագրով նախատեսված է, մենք ունենանք գումարների վերադարձը», - նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Սնուփ Դոգի համերգը Երևանում նախատեսվում էր 2023-ի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսայի պատճառով։ «Դոպինգ Սփեյս»-ը նախատեսում էր չկայացած համերգը 2024-ի ընթացքում անցկացնել, դրա համար նաև նախարարության հետ համաձայնագիր կնքեց։ Ընկերությունն իր պաշտոնական կայքում անգամ հայտնել էր, թե համերգը կայանալու է 2024 թվականի օգոստոսին, խոստացել էին՝ անցկացման հստակ օրը հրապարակել։ Թե ի՞նչն էր պատճառը, որ օգոստոսին էլ չկայացավ համերգը, «Դոպինգ Սփեյս»-ից այսօր էլ չպատասխանեցին, խոստացան՝ մի քանի օրից կարձագանքեն: Նախարար Անդրեասյանն էլ այսօր որևէ խոսք չասաց այդ մասին։

Արդյոք հնարավո՞ր է ամերիկացի ռեփերի համերգն առանց պետության ֆինասնավորման անկացվի, հարցին այսօր կրթության նախարարը չպատասխանեց։ «Դոպինգ Սփեյս»-ի կայքում դեռ շեշտվում է, որ համերգի նոր օրվա մասին կհայտարարվի շուտով։

Պետբյուջեից նման ահռելի մեծ գումարի հատկացումը բարձրաստիճան պաշտոնյաները հիմնավորվել էին զբոսաշրջության ու ենթակառուցվածքների զարգացմանը զարկ տալու անհրաժեշտությամբ։ Մինչդեռ «Ազատությունը» պարզել էր՝ համերգի կազմակերպման մասին 2023 թվականի բյուջեի հատվածում նշվում էր ոչ թե զբոսաշրջության, այլ «ազգային հենքի վրա ժամանակակից երգարվեստի և պարարվեստի զարգացման ու հանրահռչակման» մասին։

Սնուփ Դոգի համերգի մասին անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր ազդարարել՝ դեռ 2023-ի հուլիսին։ Արայիկ Հարությունյանը գրել էր, որ կառավարությունը նախաձեռնել է թոփ աստղերից մեկի համերգ-շոուն Երևանում՝ բարի գալուստ մաղթելով, նրա ձևակերպմամբ, սիրելի աստղին։ Հիմա այս գրառումը բացակայում է Հարությունյանի էջից։ Մինչ այդ համերգի համար մոտ 6 միլիոնը հատկացրած Կրթության նախարարությունում համոզված են՝ այն հետ են վերադարձնելու։

«Դոփինգ Սփեյս»-ից այսօր չհաջողվեց պարզել՝ պատրաստվում են արդյոք պետությանը վերադարձնել 6 միլիոն դոլարը։


XS
SM
MD
LG