Մատչելիության հղումներ

Պետական գաղտնիքին վերաբերող ԱԱԾ մի շարք լիազորություններ առաջարկվում է փոխանցել ԱՀԾ-ին


Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյան, արխիվ
Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) գործառույթներն այլ կառույցի փոխանցելու հերթական նախաձեռնությունն է քննարկվում. ծանր հանցագործություններ բացահայտելու լիազորությունները ԱԱԾ-ից Քննչական կոմիտեին փոխանցելուց հետո, հիմա էլ Արտաքին հետախուզական ծառայությունն (ԱՀԾ) է առաջարկում մինչ այդ բացառապես ԱԱԾ-ին վերապահված մի շարք հարցեր լուծել՝ առանց այդ կառույցի վերահսկողության։

Երկու տարի առաջ ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը, մասնավորապես, առաջարկում է փոխել պետական գաղտնիքի մասին օրենքը: Եթե գործող կարգավորումներով ԱԱԾ-ն է քաղաքացիներին ստուգում ու որոշում՝ ում կարող են գաղտնի տեղեկություններ տրամադրել, ում՝ ոչ, հիմա Արտաքին հետախուզությունը ցանկանում է նման որոշումներն անձամբ կայացնել՝ առանց ԱԱԾ դիմելու.

«Ակնկալվում է պետական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու և վերոշարադրյալ մյուս հարցերում հասնել Լիազոր մարմնի և Ծառայության լիազորությունների հստակ տարանջատման և տարընկալումների բացառման»:

Ծառայությունը հայտարարում է՝ ընձեռված հնարավորությունները կկիրառեն միայն իրենց աշխատանքին՝ արտաքին հետախուզությանն առնչվող տեղեկությունների դեպքում։ Հիմնավորում են՝ նախկինում իրենց գործառույթները ԱԱԾ-ն էր իրականացնում, հիմա, երբ իրենք առանձին ծառայություն են, կարգը պետք է փոխվի։

Նախագիծը հանրային քննարկման է դրվել, առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քաղաքացիներն իրենց կարծիքը կարող են հայտնել մինչ սեպտեմբերի 7-ը, ապա փոփոխությունը կներկայացվի Կառավարություն և խորհրդարան։

«Հայաստանում ցանկացած գաղտնի փաստաթղթի հասանելիություն ունի ԱԱԾ-ն, ցանկացած գաղտնի նյութի պատճեն, այսպես ասած, պահվում է ԱԱԾ-ի կողմից», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիական միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ առաջարկվող փոփոխության նպատակն է կանխել արտաքին հետախուզությանն առնչվող գաղտնիքների հնարավոր արտահոսքը։

Ըստ փորձագետի՝ սովետական КГБ-ի ազդեցությունը ԱԱԾ համակարգում շարունակվում է, ռուսական հատուկ ծառայությունների հետ կապերը մինչ օրս պահպանվել են, և ԱԱԾ-ին առնչվող այս և մյուս փոփոխությունները, Իոաննիսյանի կարծիքով, ռուսական ազդեցությունը թուլացնելու համար են. - «Փորձում են Արտաքին հետախուզական ծառայության գաղտնիքները այնպես անել, որ ԱԱԾ-ի միջոցով չարտահոսեն: ԱԱԾ-ն վստահելի չի գաղտնիքների պահման կոնտեքստում»:

Անցած երկու տարում սա արդեն երրորդ դեպքն է, երբ ԱԱԾ-ի լիազորությունները կրճատվում են։ Նախ բարձրաստիճան պաշտոնյաների ու կարևորագույն կառույցների պաշտպանությունն իրականացնող Պետական պահպանության ծառայությունը ԱԱԾ-ից վարչապետի ուղիղ ենթակայության տակ անցավ։ Այս տարվա սկզբից էլ դադարեց գործել մաքսանենգությանը, կոռուպցիային, թմրամիջոցներին առնչվող հատկապես բարդ գործերը քննող ԱԱԾ քննչական դեպարտամենտը, գործառույթներն անցան Քննչական կոմիտեին:

«Իրականում Հայաստանի անվտանգային համակարգը` ես ամբողջությամբ անվտանգային համակարգը ի նկատի ունեմ՝ տեղեկատվական, ռազմական, հետախուզական, հակահետախուզական, բոլոր գործառույթներով այսօր վերածվել է Նիկոլ Փաշինյանի ամեն օր քշվող հեծանիվի պեդալների», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Մանուկյանը անվտանգային համակարգի այս փոփոխությունները վտանգավոր է համարում: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ դրանք իրականացվում են բացառապես մեկ մարդու ցանկությամբ:

«Հայաստանում այսօր կա մեկ սպառնալիք, որը սպառնում է ամբողջ անվտանգային համակարգին, և էդ սպառնալիքի անունը շատ հստակ է՝ կոչվում է Նիկոլ Փաշինյան: Որովհետև ամբողջ անվտանգային համակարգի ինժեներիան, վերաձևումները, վերափոխումները, փոխարկումները, կատարվում են մեկ անձի ճաշակով», - պնդեց դաշնակցական պատգամավորը:

Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, կարծում է՝ գործող Կառավարությունը ստիպված է վիրահատական միջամտությունների դիմել, քանի որ խորհրդային КГБ-ի ժառանգությունը ստացած ԱԱԾ-ին լիովին չի վստահում։

«Ենթադրում եմ, որ Արտաքին հետախուզությունում այս մասով անհանգստացած են, որ իրենց գաղտնի նյութերը կարող են, իրենց գաղտնի նյութերի մասով եթե ԱԱԾ-ն ունենա վերահսկողություն, ապա դա կարող է բերել արտահոսքերի, դա կարող է բերել նրան, որ այլ երկրներում, կամ Հայաստանի անվտանգությունը, այսպես ասած, չաջակցող ուժերի շրջանում կարող են էդ տեղեկությունները հայտնի դառնալ», - ընդգծեց Իոաննիսյանը:

Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու որոշումը կայացվեց 2022-ին, դրանից մի քանի օր առաջ Երևանում էր Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզության ղեկավարը, անցնող տարիներին Հայաստան են այցելել նաև Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարն ու նրա տեղակալը։

Մամուլը գրել էր՝ նորաստեղծ կառույցի ղեկավար նշանակված նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը արևմտյան հետախուզական ծառայություններում վերապատրաստում է անցել, իշխող ուժից հաստատել էին՝ նա արտերկրում վերապատրաստվել է:

XS
SM
MD
LG