Մատչելիության հղումներ

Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար


Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր վարչապետի որոշմամբ նշանակվել է Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար։ Կառույցը, որ դեռ չի գործում, ենթակա է վարչապետին։

Ըստ օրենքի՝ պետի նշանակումից հետո երեք ամսում պետք է վարչապետի հաստատմանը ներկայացվի ծառայության հաստիքացուցակը, անձնակազմի քանակը, կառուցվածքն ու կանոնադրությունը։

«Այս ծառայությունը Հայաստանի Հանրապետության աչքերն ու ականջներն են հիմնականապես արտաքին միջավայրի, տարբեր երկրների, կազմակերպությունների, անձանց, Հայաստանի կենսական շահերին վերաբերող ինֆորմացիայի վերլուծության, ստացման, Հայաստանի ընդհանրապես արտաքին քաղաքականության, պաշտպանական քաղաքականության ավելի հիմնավոր, ավելի ինֆորմացիայի և դրա վերլուծության վրա հիմնված, ավելի կշռադատված քաղաքականության վարելն է», - անցած տարի խորհրդարանական քննարկման ժամանակ ասել էր Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Անցած դեկտեմբերին Արտաքին հետախուզական ծառայության մասին օրենքն ընդունելիս իշխանությունները հայտարարում էին, թե ակնկալում են այն դարձնել աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, որը բաց և գաղտնի մեթոդներով տեղեկություններ է հավաքելու Հայաստանի անվտանգության, քաղաքական, տնտեսական և այլ ոլորտների մասին և դրանք փոխանցելու է վարչապետին։ Ծառայության կառուցվածքը, աշխատակազմի թիվը գաղտնի է, այն ունենալու է իր հետ գաղտնի սկզբունքով աշխատողներ։

Առայժմ պարզ չէ, թե որտեղ կգործի նորաստեղծ կառույցը։

Թեև ծառայությունն արդեն ղեկավար ունի ու ըստ օրենքի՝ պետք է առնվազն երեք ամսից գործի, բայց կառույցի ստեղծմանը կողմ քվեարկած իշխանական պատգամավորներն այսօր խուսափում էին «Ազատությանն» ասել, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, ի՞նչ վտանգներ է ի վիճակի լինելու կանխել այս կառույցը և արդյո՞ք Հայաստանը կկարողանա ստեղծել աշխարհի տասը լավագույն տասը հետախուզական ծառայություններից մեկը, ինչպես խոստանում էին օրենքի քննարկման ժամանակ։

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն այսօր «Արմենպրես»-ին միայն ասել է. «Ծառայության հիմնական խնդիրը պետությանն ու հասարակությանը սպառնացող արտաքին վտանգների և հնարավորությունների կանխատեսումն է, և քաղաքական որոշումներ կայացնողներին այդ մասին վստահելի, արժանահավատ հետախուզական տեղեկությունների տրամադրումը, որոնք կունենան կիրառական նշանակություն՝ հնարավոր վտանգները կառավարելու, կանխարգելելու և առկա մարտահրավերներին դիմակայելու տեսակետից»:

Շուրջ մեկ տարի առաջ վարչապետ Փաշինյանը հույս էր հայտնել, թե նոր ծառայությունը կնպաստի նաև հետախուզական կարողությունների զարգացմանը։

«Ես հույս ունեմ, որ մենք այսօր էականորեն կզարգացնենք մեր երկրի արտաքին հետախուզական կարողությունները, իհարկե, դա արագ տեղի չի ունենա, մեր հետախուզական ծառայությունները, որոնք այս պահին գործում են, իրենց կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված Արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականցնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը», - նշել է Փաշինյանը:

Նախագծի հեղինակները նոր ծառայության ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորել են 2016-ի ապրիլյան և 2020-ի պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների՝ տեղեկատվության տրամադրման գործընթացում հայտնաբերված խնդիրներով։ Թե կոնկրետ ի՞նչ բնույթի խնդիրների մասին է խոսքը, օրենքի հեղինակները չեն մանրամասնում, բայց իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ առանց հստակ ապացույցների խոսել են հինգերորդ շարասյան գործունեության մասին՝ դա ևս նշելով որպես պարտության պատճառ։

Հայտնի է նաև, որ 44-օրյա պատերազմից հետո դասալքությանն ու դրան առնչվող հոդվածներով անցնում է 10 հազարից ավելի մարդ, բայց իրավապահները տարեսկզբի տվյալներով մեղադրյալի կարգավիճակ տվել էին մոտ 800-ին։

Քրիստիննե Գրիգորյանի ղեկավարած կառույցը համագործակցելու է այլ պետությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հետ, ծառայողներին թույլատրվում է կրել ու կիրառել զենք և հատուկ միջոցներ, հարկ եղած դեպքում նաև կիրառել ֆիզիկական ուժ։

Արդարադատության փոխնախարարից մարդու իրավունքների պաշտպան, հետո էլ Սրտաքին հետախուզության ծառայության պետ նշանակված 42-ամյա Գրիգորյանի հետ կապ հաստատել այսօր մեզ չհաջողվեց։ Նրան այս պաշտոնին նշանակած վարչապետը չի մանրամասնել, թե ինչո՞ւ է իր ընտրությունը կանգ առել հենց Գրիգորյանի վրա։

XS
SM
MD
LG