Ոստիկան Գևորգ Մկրտչյանը, ում լիազորությունները կասեցվել էին դաշնակցական պատգամավոր Աշոտ Սիմոնյանի ծեծից հետո, վերադարձել է աշխատանքի։ Թեև պատգամավորին խմբով կարմիր բերետավորներ էին հարվածում, բայց Մկրտչյանը միակն էր, ում ժամանակավորապես հեռացրել էին համակարգից։ Պարզվում է՝ ոստիկանը աշխատանքի է վերադարձել միջադեպից մեկ ամիս անց՝ հուլիսին։
«Էդ ոստիկանը փաստորեն շարունակելու է կատարել իր ծառայողական պարտականությունները, շարունակելու է յուրաքանչյուր օր շփվել Հայաստանի Հանրապետության տասնյակ քաղաքացիների հետ և անհայտ է, թե ինչպիսի դառը այլ հետևանքներ կարող է ունենալ մեր քաղաքացիների հետ այդ շփումը», - ասաց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Կադրերում երևում է, որ կարմիր բերետավոր Մկրտչյանը պատգամավորին հայհոյող ու հարվածողներից մեկն է։ Մի ձեռքով հեռախոսով է խոսում, մյուսով՝ սկսում հարվածել պատգամավորին։ Միջադեպը տեղի էր ունեցել մայիսին՝ ՀՅԴ գրասենյակի առջև՝ վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմության հանրահավաքների օրերին։
Ընդդիմադիր Ագնեսա Խամոյանը հարցնում է՝ տեսանյութը կա, ի՞նչն է խանգարում մեղադրանք առաջադրել իր թիմակցին ծեծողներին։ Դեռ մեկ ամիս առաջ էլ խորհրդարան եկած գլխավոր դատախազին էր նույն հարցը տվել։ Աննա Վարդապետյանն ասել էր՝ տեսանյութը դեռ բավարար ապացույց չէ։
«Երբ որ ապացույցները բավարար կլինեն, որոշումը կկայացվի», - նշել էր Վարդապետյանը:
Իսկ Ներքին գործերի նախարարությունում հայտնում են օրենքը՝ նշանակված էր ծառայողական քննություն, որի շրջանակում էլ կասեցրել էին Մկրտչյանի լիազորությունները։ Քանի որ հետո հարուցվել էր քրեական գործ, իրենք փակեցին ծառայողական քննությունը, Մկրտչյանին էլ հետ կանչեցին։ Իսկ թե արդյոք ոստիկանության ծառայողը կարգապահական խախտում է արել, քննիչները կպարզեն նախաքննության ավարտին։
Բայց կես տարի ձգվող քրեական գործով անգամ մեղադրյալ չկա։ Ինչո՞ւ Մկրտչյանն ու մյուսները մեղադրյալի կարգավիճակ չունեն, երբ տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են խմբով հարվածում պատգամավորին։ Քննչականից միայն ասում են՝ դեռ քննում են։
Ընդդիմադիր պատգամավորը նշում է՝ ծեծող ոստիկանի վերադարձը համակարգ վկայում է, որ իշխանությունները արդարացնում են բռնությունը:
«Վերականգնվել է իր աշխատանքին, կա «քրեական գործ», որով որևէ մեղադրյալ ներգրավված չէ և ունենք քաղաքական պատասխանատվություն ի դեմս այս իշխանությունների, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ի դեմս ոստիկանապետի, մի իրավիճակ, երբ իրենք ակնհայտորեն ծածկում են, իրենք իրենց վարքագծով ու նաև պահվածքով ակնհայտորեն արդարացնում են բռնությունը՝ օրը ցերեկով կիրառված Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ», - ընդգծեց Խամոյանը:
Իշխանություններն, իրենց հերթին, պնդում են՝ ազդեցություն չունեն իրավապահների վրա։ Ավելին՝ իրենք էլ են ակնկալում, որ հաղթի արդարադատությունը։
«Ոչ միայն հերքում եմ, այլ նաև ապացույցները դրա կան: Եթե կան գործեր, որոնցով շատ մարդիկ արդարացվում են, շատ մարդիկ կալանքի չեն գնում, ընդհանուր քննությունն այն ձևով չի գնում, ինչ որ հասարակությունը այս քանի տարիներին մեղադրել է, էդ գործերն ինքնին ապացույց են նրա, որ իշխանությունները հրահանգավորում չունեն ո՛չ դատարաններում, ո՛չ քրեական գործերի», - ասաց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Ծեծից հետո քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ Դաշնակցական պատգամավորը տուժող է ճանաչվել, մեկ անգամ կանչվել հարցաքննության։ Աշոտ Սիմոնյանը այսօր ևս պնդեց՝ քանի դեռ մեղադրյալ չկա, հարցաքննության չի գնա։