Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավորների դեմ բռնությունների գործերով ամիսներ անց էլ մեղադրյալներ չկան


Ապրիլի 26-ի իրադարձությունները, արտապատկերում 24News-ի կայքից
Ապրիլի 26-ի իրադարձությունները, արտապատկերում 24News-ի կայքից

4.5 ամիս անց էլ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի մատնանշած ոստիկանները մեղադրյալ չեն, պատգամավորը չի հարցաքննվել, անգամ որևէ տեղեկություն չունի իրեն ուժով բերման ենթարկելու գործի ընթացքից։ Մեկ անգամ հարցաքննության հրավեր է ստացել ու վերջ։

«Մի անգամ ինձ հրավիրել էին հարցաքննության՝ էլեկտրոնային փոստով, հեռախոսի համար էր տված, ես զանգահարել եմ, և ի դեպ, փորձի համար բազմաթիվ անգամներ եմ զանգել, պատասխան չկա, նույն հասցեով mail եմ գրել, պատասխան չկա, թե ե՞րբ, վերջ ի վերջո, ես կկարողանամ հարցաքննության ներկայանալ, որովհետև Քննչականը կարծես դիտել-նայել է, հենց ամսվա մեջ այն օրն է ընտրել, երբ մենք եղել ենք նիստի», - «Ազատության»-ը ասաց Խաչատրյանը։

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների ակցիաների օրերին ոստիկանները անձեռնմխելիություն ունեցող պատգամավորին բերման էին ենթարկել Երևան-Սևան մայրուղուց, երբ աջակցում էր Տավուշում սահմանազատման դեմ փողոցներ փակող քաղաքացիներին։ Նրան ուժով նստեցրել էին ոստիկանական մեքենա, տարել ոստիկանություն, հետո տեղում հայտարարել, թե ո՞վ ասաց, որ բերման են ենթարկել, ու ազատ արձակել։

Քննչականում քրեական գործ էր հարուցվել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնյայի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով։

«Ես աշխատանքային պարտականությունների կատարման բերումով բարձրաստիճան պաշտոնյայի Քննչական կոմիտեի խնդրել եմ այդ հարցին ընթացք տալ, դարձյալ որևէ պատասխան չկա», - ասաց Խաչատրյանը։

Պատգամավորը պատմում է՝ այդ օրը ոստիկանությունում հայտնվեց, երբ փորձեց հարց տալ քաղաքացիական հագուստով տարածքում գտնվող ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանին։ Դեպքից հետո իրավապահներին ուղղված իր բողոքում պատգամավորն անուններ էր տվել, նաև տեսանյութերի հղումներն ուղարկել, բայց՝ ապարդյուն։

«Ոստիկանապետը հրում էր, և կար պարեկ՝ փոխգնդապետ, ազգանունը չեմ հիշում, ով նստացրել է մեքենա, ձեռքով փակել է և մյուս պարեկին հրամայել է, որ մեքենայով ինձ առևանգեն։ Որովհետև եթե ոստիկանությունում ինձ ասում են՝ «Ձեզ բերման չեն ենթարկել», նշանակում է՝ ինձ առևանգել են՝ իմ կամքից անկախ, նստացրել են մեքենա ուժով և տարել են մի կետ, որը դարձյալ իմ կամքին դեմ է եղել։ Հիմա տեսնում ենք, որ որևէ արձագանք չկա, բայց ես չեմ զարմանում», - ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանի դեպքը միակը չէ, հիշեցնում է դաշնակցական մյուս պատգամավորի՝ Աշոտ Սիմոնյանի դաժան ծեծը հենց Դաշնակցության գրասենյակի առջև։ Դարձյալ ընդդիմության ակցիաների օրերին էր, երբ տասնյակ կարմիրբերետավորները ծեծեց ընդդիմադիր Սիմոնյանին։

«Ակնհայտ դեպքի հետ կապված իրենք ասին, որ «մենք մեղադրյալ չունենք», ու էս նույն համակարգից ակնկալել արդարադատություն՝ էդ առնվազն միամտություն է: Դրա համար, ոչ էլ լինելու է, վերջին անգամ երևի երկու ամիս առաջ եմ խոսել քննիչի հետ, ինձ հետաքրքիր է՝ մեղադրյալ կա ներգրավված, թե՝ չէ, ինձ պատասխանել են, որ ոչ, չկա», - «Ազատությանը» ասաց Սիմոնյանը:

Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ անցած չորս ամսում մեկ անգամ կանչվել է հարցաքննության, բայց հրաժարվել է գնալ. - «Շատ հստակ իրենց ասել եմ՝ երբ էս քրեական գործով կլինի մեղադրյալ, նորից կներգրավեք որպես հարցաքննվող տուժող»:

Ի՞նչ տեղի կունենար, եթե ոստիկաններին մեղադրանք առաջադրվեր, ընդդիմադիր գործիչ Արթուր Խաչատրյանը պատասխանում է. - «Իրավապահ համակարգը չի ծառայում իրավունքին, ծառայում է միայն այս իշխանություններին, և եթե հանկարծ այս իշխանությունները, ներողություն, իրավապահներից որևէ մեկին դատեն, այդ դեպքում մյուսները այլևս հլու-հնազանդ չեն ենթարկվի նրանց բոլոր կանխավ ապօրինի հրամաններին»:

Ընդդիմադիրների այս պնդումներին համաձայն չէ իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանը։

«Ոչ միայն հերքում եմ, այլ նաև ապացույցները դրա կան: Եթե կան գործեր, որոնցով շատ մարդիկ արդարացվում են, շատ մարդիկ կալանքի չեն գնում, ընդհանուր քննությունը այն ձևով չի գնում, ինչ որ ամբողջ հասարակությունը էս քանի տարիներին մեղադրել է, էդ գործերը ինքնին ապացույց է նրա, որ իշխանությունները հրահանգավորում չունեն ո՛չ դատարանների, ո՛չ քրեական գործերի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իշխանական պատգամավորը:

Մինասյանը վստահեցրեց, որ չի տեսել ընդդիմադիր գործընկերոջ ծեծի կադրերը, ասաց միայն՝ չի հետաքրքրվում գործի ընթացքով, ու հերքեց ընդդիմադիրների պնդումները, թե իշխանությունն ազդեցություն ունի իրավապահների վրա։ Ավելին՝ իրենք էլ են ակնկալում, որ հաղթի արդարադատությունը։

«Իրականում չեմ հետաքրքրվել թե՛ Աշոտ Սիմոնյանի գործի ընթացքով՝ ինչ է տեղի ունենում Քննչական կոմիտեում, թե՛ մյուս գործերով, ես սպասում եմ դատարան հասած գործերին և վճիռներին, որպեսզի ինքս իմ դիրքորոշումը հայտնեմ այդ հարցի շուրջ: Ամբողջ հասարակությունը այս պահին բողոքում է, որ դատական գործերը բավականին երկար են տևում, բավականին հայտնի գործերով անցնող բավականին հայտնի քաղաքական գործիչներ դեռևս դատապարտված չեն: Այս պարագայում մի փոքր անհասկանալի է՝ այն քրեական գործերը, որոնցով որոշումները իրենց բավարարում են, իրենք ասում են, որ դատարանը արդար դատարան է, որ գործերով որ չի բավարարում որոշումները կամ ընթացքը ավելի դանդաղ է տևում, ասում են՝ իշխանությունների հրահանգն է», - ընդգծեց Լիլիթ Մինասյանը:

Իր հերթին, Քննչական կոմիտեն պնդում է՝ գործում է օրենքի սահմաններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG