Մատչելիության հղումներ

Պատերազմի 1000-րդ օրը թե՛ Կիևը և թե՛ Մոսկվան խոսում են այն շարունակելու մասին


ATACMS հրթիռային համակարգը զորավարժության ժամանակ, արխիվ
ATACMS հրթիռային համակարգը զորավարժության ժամանակ, արխիվ

Ուկրաինան երբեք չի հանձնվի և օկուպանտների առջև ծնկի չի գա, Ռուսաստանի սկսած պատերազմի 1000-րդ օրը հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ կոչ անելով դաշնակիցներին ավելացնել ռազմական օգնությունը՝ տևական հրադադար հաստատելու համար։ «Մենք խաղաղության պետք է հասնենք ուժի միջոցով, ոչ թե հակառակորդի պահանջները կատարելու», - պնդել է Կիևը։

Մոսկվան իր հերթին է հայտարարում՝ պատերազմը չի դադարեցնի, քանի դեռ չի հասել իր նպատակներին։ Ավելին՝ Ռուսաստանի նախագահն այսօր ստորագրել է Դաշնության միջուկային ոլորտի նոր դոկտրինը, որն իրավունք է տալիս Մոսկվային միջուկային հարված հասցնել Ռուսաստանի ու Բելառուսի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգող ցանկացած հարձակման, անգամ՝ զանգվածային հրթիռակոծության դեպքում։ Դոկտրինն ուժի մեջ է մտնում արևմտյան լրատվամիջոցների հաղորդումների ֆոնին, որոնց համաձայն՝ Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին։

«Ռուսաստանը միջուկային զենքը միշտ է դիտարկել որպես զսպման միջոց, և հիմա պետք է մեր սկզբունքները համապատասխանեցնենք ներկա իրավիճակին», - ընդգծել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից միջուկային պետության մասնակցությամբ կամ աջակցությամբ համարվում է նրանց համատեղ հարձակումը»», - ասել է Պեսկովը:

Միջուկային սպառնալիքներին զուգահեռ՝ Մոսկվան շարունակում է հրթիռակոծել ուկրաինական բնակավայրերը, անցած գիշեր ռուսների թիրախում է եղել Սումի քաղաքում գտնվող հանրակացարանի շենքը, առնվազն 9 մարդ զոհվել է, 11-ը` վիրավորվել։

Այսօր էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, թե նոր բնակավայր են գրավել Դոնեցկի մարզում գտնվող Կուրախովոյի մերձակայքում, որը ռազմավարական նշանակություն ունի ուկրաինական բանակի մատակարարումների համար։

Արդեն երկուսուկես տարի շարունակվող պատերազմում ռուսներն օկուպացրել են Ուկրաինայի տարածքի ավելի քան 10 տոկոսը, գրեթե նույնքան էլ գրավել էին մինչև այս պատերազմի մեկնարկը։

XS
SM
MD
LG