Վարչապետ Փաշինյանը այսօր կրկին բացեց նախկին նախագահների հետ բանավեճի թեման՝ այս անգամ ուղիղ սպառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգյանին: Առաջին և երրորդ նախագահների թիմակիցներն էլ բավականին կոշտ արձագանքել են Փաշինյանին:
«Այսինքն, թիվ մեկ կապիտուլյանտը, որը որ բերել ա, պրոցեսը հասցրել ա մի տեղ, որտեղից այլ ելք չկա, բացի էն, որ ինքը անվանում է «կապիտուլյացիա» : Իրանց գործը ինչ ա՞, որ իրենց կառուցած կապիտուլյացիան փաթաթեն ուրիշների՝ կոնկրետ իմ վզին:
Դրա համար եմ այդ մարդկանց ասում՝ եկեք գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք», - խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետը:
Փաշինյանը շարունակեց, թե Հայաստանի նախկին ղեկավարները թեկուզ հայտարարում են, որ իր հետ չեն ցանկանում բանավիճել, սակայն իրենց հարազատներին ուղարկում են ասուլիսների:
«Երեք հատ մտքի տիտան ա… բոլորն ասում են՝ «մենք իրա հետ բանավիճելու բան չունենք»: Հետո իրանց երեխեքին, թոռներին, ծոռներին, խնամիներին, հարսներին ղրգում են ասուլիսներ տալու: Արա, եթե բան չկա բանավիճելու, վեր ընգեք տեղներդ, ձեններդ կտրեք: Եթե բանավիճում եք, եկեք խոսանք: Ես ասում եմ ՝ ես ձեզ պատերով կտամ, և այդտեղից ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեմ, երեքիդ էլ վերաբերում է, ես ձեզ ոտքի տակ կտամ, ոչ թե ձեզ հետ կբանավիճեմ: Եվ գիտեն իրենք դա, դրա համար էլ չեն գալիս»,-հայտարարեց Փաշինյանը՝ նկատի ունենալով նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը սոցիալական ցանցում է արձագանքել՝ գրելով. «Նա կկծի, կլացի, քացի կտա, կգոռա ու կսպառնա, որ կբողոքի վերին ատյաններ, կանի արդեն պատկերացնելին ու դեռևս անպատկերացնելին: Բայց երբեք չի հրապարակի ղարաբաղյան կարգավորման՝ Մինսկի խմբի պաշտոնական պլաններն ու Հայաստանի պաշտոնական պատասխանները, այդ թվում՝ իր կողմից մերժված 2019 թվականի պլանը»:
Հանրապետական, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն էլ վարչապետի այս հայտարարությունները անվանել է «հիստերիա»:
«Կարձագանքեմ Սերժ Սարգսյանի մեկ այլ առիթով ասած նախադասությամբ. «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ», - գրել է Մամիջանյանը Ֆեյսբուքում:
Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ Yerevan.Today-ի հետ զրույցում, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունները, ասել է, որ նա «բանավիճելու մանիակալ չբավարարված պահանջ ունի»: Ապա նշել է, որ լավագույն լուծումը «մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է»:
Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը պնդել էր, թե 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, ապա նախկին նախագահներին հրավիրել բանավեճի:
Առաջին նախագահը բանավիճելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր նաև «Ազատության» հոդվածին, որում ներկայացված են ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը: Մեջբերելով այնտեղի բացահայտումները՝ շեշտել էր, որ նախկին երեք նախագահների հետ այլևս բանավիճելու իմաստ չկա:
Վարչապետն ավելի վաղ կրկին վերահաստատել էր նախկինում ասածը, որ 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Ի պատասխան ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած հորդորներին, թե այդ դեպքում թող հրապարակի բանակցային փաստաթղթերը, Փաշինյանն ասել էր, թե դեռևս գույքագրվում են այդ փաստաթղթերը, քանի որ դրանք ցաքուցրիվ են։