Հայաստանի առաջին նախագահ Լևոն- Տեր Պետրոսյանի համոզմամբ՝ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով հայկական Արցախն այլևս գոյություն չունի։
Ի պատասխան ղարաբաղյան խնդրի շուրջ բանավիճելու Նիկոլ Փաշինյանի հրավերին, Տեր- Պետրոսյանը երեկ երեկոյան տարածած հայտարարության մեջ գրել է. - «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի»։
Ինչպե՞ս է գնահատում առաջին նախագահի այս պնդումը վարչապետը։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն ընդունո՞ւմ է, որ հենց իր սխալների պատճառով հայկական Արցախն այլևս չկա։ Արդյոք Արցախը կորցնելու պատճառներից մեկն էլ հենց այն չէ՞ր, որ առանց որևէ երաշխիքի Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Այս հարցերն այսօր ուղղել ենք վարչապետին, բայց պատասխան դեռ չունենք։
Տեր-Պետրոսյանը Փաշինյանին առաջարկում է հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը
Առաջին նախագահը բանավիճելու փոխարեն Նիկոլ Փաշինյանին առաջարկում է հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։
«Եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով», - ընդգծել է Լևոն Տեր-Պետրոսյանը։
Ի դեպ, նախօրեին մենք այդ հարցն արդեն ուղղել էինք վարչապետին՝ արդյոք Փաշինյանը պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավարումը և նաև իր պաշտոնավարման ընթացքում ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբերակներն ու պաշտոնական փաստաթղթերը, որպեսզի հանրությունն առանց քաղաքական շահարկումների կոնկրետ փաստերին ծանոթանալու միջոցով ինքը հետևություններ անի։ Այս դեպքում էլ դեռ պատասխան չունենք։
Օրերս վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պնդել էր, թե 1994 թվականից ի վեր, այսինքն, հրադադարից հետո, բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:
«Եթե Փաշինյանի ասածը ճիշտ լիներ, կոնֆլիկտն արդեն սպառված կլիներ 92 թվականից սկսած»
«Նիկոլը սուտ է ասում, երբ ասում է, որ հայկական դիվանագիտությունը խոսել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկելու մասին, հակառակը՝ հայկական դիվանագիտությունը խոսել է միայն ու միայն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղը չընդգրկելու մասին, ու միայն դա է եղել հակամարտության բուն էությունը: Եթե Նիկոլ Փաշինյանի ասածը ճիշտ լիներ, կոնֆլիկտն արդեն սպառված կլիներ 92 թվականից սկսած», - ասաց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանն ընդգծում է՝ ԵԱՀԿ-ի ընդունած որևէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը չի համարվել Ադրբեջանի մաս։ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ոչ միայն 1994 թվականից, այլ 92 -ից սկսած Հայաստանի դիվանագիտությունը հետապնդել է մեկ նպատակ՝ թույլ չտալ, որ ԼՂ խնդրի լուծմանը վերաբերող որևէ միջազգային փաստաթղթով Ղարաբաղը ճանաչվի Ադրբեջանի մասին։ Դրա ապացույցն, ըստ ՀԱԿ փոխնախագահի, նախ 1996 -ին Լիսաբոնի գագաթնաժողովի բանաձևի վրա նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի կիրառած վետոն էր։
ՀԱԿ փոխնախագահը նաև հիշեցնում է՝ Հայաստանը առարկեց նաև 1997 -ին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված փաթեթային տարբերակին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղը պետք է պետական և տարածքային կազմավորում լիներ Ադրբեջանի կազմում: Ղարաբաղն ունենալու էր իր Սահմանադրությունը, ոստիկանությունը, ընտրված իշխանությունները: Ադրբեջանի օրենսդրությունը Ղարաբաղում գործելու էր միայն այն դեպքում, եթե չէր հակասի Ղարաբաղի ընդունած օրենքներին:
«Ե՛վ Տեր-Պետրոսյանի, և՛ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի դեպքում բանակցվել է, որ Ղարաբաղը չհայտնվի Ադրբեջանի կազմում»
«Էստեղ ևս մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի սուտը հերքվում է, որովհետև մենք դա էլ ենք մերժել», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Զուրաբայնի պնդմամբ՝ հենց այս ամենի արդյունքում արդեն 1997-ին ԵԱՀԿ-ն կողմերին ներկայացրեց խնդրի լուծման փուլային տարբերակը, որն արդեն Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում լինելու մասին ոչինչ չէր ասում։ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվեր Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի եռակողմ բանակցությունների արդյունքում։
«Հայկական դիվանագիտությունը և՛ Տեր-Պետրոսյանի դեպքում, և՛ Քոչարյանի դեպքում, և՛ Սերժ Սարգսյանի դեպքում բանակցվել է նրա մասին, թե ինչպես անել, որ Ղարաբաղը չհայտնվի Ադրբեջանի կազմում, ուղղակի մեկը դա լավ է արել, մեկը՝ վատ, բայց գլխավոր նպատակը եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ապահովումը», - ընդգծեց ՀԱԿ փոխնախագահը:
«Փաշինյանը գնաց ծայրահեղ ոչմիթիզականության»
Ի դեպ, ըստ Զուրաբյանի, նույն իրավիճակն էր նաև 2019 -ին, այսինքն, Փաշինյանի իշխանության ժամանակ նույնպես քննարկվում էր խնդրի կարգավորման մի տարբերակ, որը չէր նախատեսում Արցախի ներառումը Ադրբեջանի կազմում։ ՀԱԿ փոխնախագահը նշում է՝ 2019-ին Մինսկի խումբը պաշտոնապես հանդես է եկել մի առաջարկով, որի համաձայն հայկական ուժերը պետք է դուրս գային Ղարաբաղին հարակից 5 շրջանից, իսկ Լաչինը և Քելբաջարը մնային հայկական վերահսկողության ներքո։ Լավրովի պլան անունը ստացած առաջարկով, Արցախի կարգավիճակի հարցը մնում էր առկախված, և միայն վերջնական կարգավիճակի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից հետո պետք է վերադարձվեին Արցախը Հայաստանի հետ կապող Լաչինն ու Քելբաջարը։ Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ Զուրաբյանի, մերժեց կարգավորման այդ տարբերակը, առաջ քաշելով էլի ավելի մաքսիմալիստական պահանջներ և Հայաստանին ներքաշեց պատերազմի մեջ։
«Արցախը Հայաստան է և վերջ». էդ ի՞նչ է նշանակում: Էդպիսի բան ոչ ոք չէր ասել երբեք, որովհետև բոլորը հասկանում էին, որ եթե դու նման բան ես ասում, դու բանակցություններին վերջ ես տալիս, հետևաբար բանակցություններն էլ արդեն իմաստ չունեն, եկեք ինչ վերցնում եք, պատերազմով վերցրեք: Ինքը գնաց ծայրահեղ ոչմիթիզականության», - նշեց Լևոն Զորաբյանը:
ՀԱԿ փոխնախագահի համոզմամբ՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ պատմականորեն կրում է Ղարաբաղը կործանելու մեղքը և այժմ ապարդյուն ջանքեր է գործադրում այդ մեղքը ուրիշների վրա բարդելու համար։
«5 Հազար զինվորի, Լեռնային Ղարաբաղի կործանման ամբողջ մեղավորությունը ծանրացել է իր խղճի, իր ուսերի վրա: Էս մարդը գիտի, որ ինքը պատմության դատաստանի առջև կանգնած մարդ է: Ինքը հիմա իր կյանքի ամբողջ մնացորդը նվիրել է մի խնդրի իրականացմանը, որ այդ մեղավորությունը, արյունը կարողանա իր վրայից մաքրի», - ասաց նա: