Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հայտնում են կառավարությունից:
Նրանք քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։
Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է բանակցային գործընթացները, որոնց արդյունքում համաձայնեցվեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։
Նիկոլ Փաշինյանն ու Մարկո Ռուբիոն պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
Ամերիկյան կողմը դեռևս չի հաղորդել հեռախոսազրույցի մասին:
Պաշտոնական Բաքուն և Երևանը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։
Թեև Հայաստանի արտգործնախարարությունը վստահեցրեց, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, և Երևանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդեց, թե պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Միացյալ Նահանգների անունից արդեն ողջունել էր Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ և ընդգծել, որ այժմ պայմանագրի ստորագրման և վավերացման ժամանակն է։
«Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման և վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», - ասված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։