Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, որի տեքստը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ուկրաինայի պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հիմքում ընկած են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը և փոխադարձ հարգանքը, ինչին լրացուցիչ լիցք է հաղորդել տարբեր մակարդակներում շփումների ակտիվացումը:
Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերն իրենց նպաստը կբերեն Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների շարունակական զարգացմանը և փոխշահավետ համագործակցության բարձրացմանը որակապես նոր մակարդակի»:
Հայաստանի վարչապետն Ուկրաինայի նախագահին մաղթում է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և ամենայն բարիք:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ուկրաինացի գործընկերներին և ժողովրդին ազգային տոնի առթիվ:
«Մենք մեծապես կարևորում ենք բարեկամության և փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները: Բարեկամ Ուկրաինայի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում», - գրել է ԱԺ նախագահը X սոցցանցում։
Հայաստանի արտգործնախարարությունը ևս X սոցցանցում արված գրառմամբ շնորհավորել է «գործընկերներին ու ընկերներին Անկախության օրվա կապակցությամբ»։
«Մենք գնահատում ենք մեր երկու ժողուրդների միջև երկարամյա ամուր կապերը և ակնկալում ենք հետագա համագործակցության ընդլայնում», - նշում է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։