Մատչելիության հղումներ

Փաշինյանի ուղերձում շնորհավորանք չկա, կա սեփական պատմության մերժում. Արամ Մանուկյան


«Այս ձևի ուղերձ ամոթ է, ամոթ է պետական այրի, պետության ղեկավարի համար այս ձևի ուղերձ, ոչ քաղաքական», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով վարչապետի ուղերձի մասին։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ ուղերձում ասել է, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության բովանդակությունը նույնական չեն։

Ըստ Արամ Մանուկյանի՝ այստեղ շնորհավորանք չկա, ավելին՝ կա ինքնախարազանում և սեփական պատմության մերժում։

«Ինքը քննադատում է այս փաստաթղթի այն կետերը, որ այն ժամանակ եղել է Գերագույն խորհուրդ … բայց հետո մեր երկիրը գնացել է առաջընթացի, ունեցել է նախագահական համակարգ, որը ամենևին այն հին փաստաթղթի պատմականությունը չի մերժում։ Նույնը վերաբերում է դեկտեմբերի 1-ի որոշմանը։ Եղել է չէ՞ դեկտեմբերի 1-ի որոշում դա փաստ է», - նշեց նա։

Արամ Մանուկյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ասել, որ Սահմանադրությունը կաշկանդված չէ հռչակագրով, պիտի հայտարարություն անի, որ հետ է կանգնում Սահմանադրության նախաբանից՝ Սահմանադրությունից հրաժարվելու, քանզի դրա նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին։

Բաքուն այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման համար կարևոր նախապայման է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։

Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երևանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։

Արամ Մանուկյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ ստորև.

XS
SM
MD
LG