Պակիստանի նախկին վարչապետ, «Շարժում հանուն արդարության» ընդդիմադիր կուսակցության լիդեր Իմրան Խանը դատապարտվեց երեք տարվա ազատազրկման։
BBC ռադիոկայանի հաղորդագրության համաձայն, Իսլամաբադի դատարանը Խանին մեղավոր է ճանաչել պետական նվերների վաճառքից ստացած գումարը չհայտարարագրելու համար: Նախկին վարչապետը հերքում է մեղադրանքը և մտադիր է այն բողոքարկել։
Դատավոր Հումայուն Դիլավարի կարգադրությամբ Իմրան Խանը կալանավորվել է Լահորում գտնվող իր տնից:
Նա վարչապետ ընտրվել էր 2018 թվականին: 2022 թվականին պաշտոնանկ է արվել խորհրդարանում անվստահության հարցով տեղի ունեցած քվեարկությունից հետո:
Մայիսին Խանը ձերբակալվել է դատարան չներկայանալու համար, սակայն հետագայում ազատ է արձակվել, քանի որ վերադաս դատարանը ձերբակալությունն անօրինական է ճանաչել։ Դատարանը Իմրան Խանին պարտավորեցրել է նաև 100 հազար ռուփիի տուգանք վճարել։ Դա հավասար է մոտ 1200 դոլարի:
Իմրան Խանի ձերբակալությունները և դատական գործերը մշտապես դառնում են Պակիստանում հանրային անհանգստության և զանգվածային անկարգությունների առիթ: Նրա աջակիցների և ընդդիմախոսների միջև տեղի են ունենում բախումներ, որոնց հետևանքով մեծ թվով մարդիկ են տուժում: