Մատչելիության հղումներ

Ո՞ւմ «սրտով ա» Հիսուսի արձանը. Գագիկ Ծառուկյանի մեգանախագծի շուրջ հանրային լսում Ակունք համայնքում


Հիսուսի 33 մետրանոց արձանին հնարավոր կլինի նայել լավագույն հաշվարկներով 2026-ին, բայց մեգանախագծի հեղինակները պնդում են՝ այն արդեն ազդել է անշարժ գույքի շուկայի վրա. դեռ չկանգնեցված արձանի տեսարանով անգամ՝ մայրաքաղաքում բնակարաններն աննախադեպ են վաճառվում։

Արձանը չկա, բայց տարածքի հողերն արդեն թանկացել են, հաստատում է 29 տարի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը։

Հատիս գյուղի 66-ամյա բնակիչ Կամո Հովհաննիսյանն «այսպիսի հավաքույթ չի տեսել գյուղում», հիմա ուրախ է՝ Փրկչի արձանը մոռացված հողերին գին կտա. - «Հող եմ ուզում ծախեմ, առաջ 10000 դոլար էի ասում, հիմա 100-ից չեմ իջնելու»։

Քրիստոսի մոնումենտալ արձանը, ըստ քանդակագործի, պատրաստ է 80 տոկոսով, Հատիսի լանջին կհայտնվի, երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շինթույլտվություն ստանա, գործընթացն արագացնելու համար օրերս Ակունք համայնքի 4 գյուղերում հանրային թեժ լսումներ էին։

Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հնարավոր ազդեցության՝ ՇՄԱԳ հաշվետվության մասին լսումների հիմնական «թեժացնողները» ոչ թե շրջակա՝ Ակունք, Զովաշեն, Կոտայք, Հատիս բնակավայրերի բնակիչներն էին, այլ լսումներին ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։

Մայր աթոռի կողմից քննադատվող արձանի քանդակագործը «կրոնական տեսակետից չի նայում արձանին»:

Օգնության է հասնում համայնքի ղեկավարը՝ պաշտոնական վիճակագրությունը կասկածի տակ առնելով. - «Հասկացանք՝ մեր պետական կրոնը Առաքելական եկեղեցին է, բայց մեր ազգի մեծ մասը կաթոլիկ է»:

«Սա բիզնես չէ, բարի գործ է», - պնդում է՝ «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Կեսոյանը։ Նա հանրային այս լսումներին ներկայանում է որպես «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ։

ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը հակադարձում է. - «Էդ [ճոպանուղու] տոմսերը չեք վաճառելո՞ւ»:

Բնակիչներից ոմանք պահանջում են՝ «լավ գործի» վրա բիզնեսի ստվեր չգցել: Համայնքի տնտեսական զարգացման ապագայով ոգևորված բնակիչները հատուկենտ հարցեր ունեին։

Ակունքի երկարամյա ղեկավարը պարբերաբար դիմում էր ներկաներին՝ խրախուսելով արտահայտվել։ Տիկին Անուշն, օրինակ, ամեն ինչից գոհ է, վստահ է՝ ո՛չ փոշին, ո՛չ աղմուկն իրենց չեն խանգարի. - «Աղմուկի պատճառով կարող է օձերը տեղաշարժվեն»:

Ակունքի բոլոր 4 բնակավայրերում հանրային լսումները ամփոփվում էր՝ «ձեր սրտո՞վ ա հարցով», հաստատող ծափահարություններով ու հաջորդող խոստումներով։

Մեծ սպասելիքներ կան, բայց հստակ թվեր չկան։ Իրավապաշտպան, համայնքային զարգացման փորձագետ Օլեգ Դուլգարյանին զարմացնում է բնակիչների ոգևորությունը. - «Դուք թվեր ունե՞ք՝ ինչքան աշխատատեղ է լինելու, մեծ սպասելիքներ ունեն, բայց թվեր, երաշխիքներ չկան»:

Թվեր ու երաշխիքներ կլինեն, երբ արձանը կանգնեցվի։ Օլեգ Դուլգարյանի հարցերը Զովաշենում ափերից դուրս են բերում Հունան Ռուբենյանին։

«Հատիս հրաբուխը» բնության երկրաբանական հուշարձանի անձնագիր ունի անցած տարվանից։ Հիսուսի մոնումենտալ արձանը տեղադրվելու է հատուկ պահպանվող տարածքից դուրս՝ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող տարածքում։

Արձան-համալիրն ընդհանուր 100մ բարձրություն կունենա։ Դեպի Հիսուս տանող 3.7 կմ ճոպանուղու նախագիծը հայ-ավստրիական է, ճոպանուղու 23 հենակետերը, որ տարբեր գյուղերի վարչական տարածքում են, Գագիկ Ծառուկյանին պատկանող հողերում են, պնդում են նախագծի հեղինակները։

Քչով բավարարվող այս համայնքում անհամբերությամբ են սպասում համալիրի բացմանը։

Կլցվի՞ ամբողջ աշխարհը Ակունք, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։

Խոշորացված համայնքի երկարամյա ղեկավարը, որ վերջին ընտրություններին «Քաղաքացիական պայմանագրի» անունից է լավ ապագա խոստացել, այսօր վստահ է՝ համայնքի ապագան կախված է գործարար Գագիկ Ծառուկյանի ներդրումներից ու Քրիստոսի վիճահարույց արձանից։ Հենց այդ վստահությամբ է նա 2022-ին համայնքապատկան շուրջ 100 հա հողատարածք օտարել աճուրդի միակ մասնակից «Ծառուկյան» հիմնադրամին, ըստ «Հետք»-ի՝ շուկայականից զգալի ցածր գնով։

XS
SM
MD
LG