Մատչելիության հղումներ

Հիսուսի արձանը՝ գրեթե պատրաստ. Ծառուկյանը խոստանում է՝ լինելու է «ամենալավն ու ամենահզորը»


Հիսուսի 33 մետրանոց արձանը գրեթե պատրաստ է, այսօր նախաձեռնության հեղինակ Գագիկ Ծառուկյանն անձամբ էր այցելել արվեստանոց՝ աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Բայց թե կոնկրետ երբ այն կտեղափոխվի Հատիսի գագաթ՝ Ծառուկյանը չնշեց, առաջարկեց սպասել՝ Հայաստանի Փրկիչը պետք է «ամենալավը» լինի:

«Հիմնական խնդիրն այսօր ոչ թե ձևի համար, դուք երևի նայում, տեսնում եք, որ աշխարհում սենց բան չկա, որ պետք է մերը լինի ամենալավը, ամենագեղեցիկը, ամենահզորը։ Դա կախված է Աստծուց, կամեցողությունից, գործունեությունից», - ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդը:


44 մետրանոց պատվանդանի վրա 33 մետրանոց արձան տեղադրելու՝ ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությունն ավելի քան երկու տարվա պատմություն ունի: Հատիսի գագաթին շինարարությունը 2022-ի ամռանը մեկնարկել էր առանց կառուցապատման շինթույլտվության։ Կրթության և գիտության նախարարությունն այն ժամանակ պահանջել էր դադարեցնել շինարարությունը՝ պատճառաբանելով, թե լեռան փեշերին հուշարձաններ կան: Հարցը, սակայն, այլևս լուծված է․ Գագիկ Ծառուկյանն այսօր վերահաստատեց՝ «Ծառուկյան» հիմնադրամն ու նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, իսկ նախնական նախագիծը որոշ փոփոխությունների է ենթարկվել:

«Խնդիրը եղել էր, որ այնտեղ կային ամրոցներ, որը մենք պայմանավորվել ենք, ուսումնասիրել ենք, կարող եք գնալ, տեսնել, հայտնաբերել ենք.... որ ես պատրաստակամ եմ եղել դրանք վերակառուցելու։ Դա ավելի մեծ պատմություն է տուրիզմի համար, որ գան, սա էլ կտեսնեն, նա էլ կտեսնեն», - շեշտեց նա։

Մայր Աթոռը քննադատել էր Գագիկ Ծառուկյանի այս նախաձեռնությունը, պնդել, թե Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ առաքելական եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին։ Վարչապետ Փաշինյանը, սակայն, կանաչ լույս էր վառել դեռ երկու տարի առաջ, երբ պետական կառույցները Ծառուկյանի ներկայացրած նախագիծը չէին էլ հասցրել ուսումնասիրել։

«Կարծում ենք, որ ինքը բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի Հանրապետության համար կմեծացնի, և նաև հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն», - այդ ժամանակ ասել էր նա։

Նույնն այսօր կրկնեց ԲՀԿ առաջնորդը, թե այս նախաձեռնությամբ Հայաստան տուրիստական մեծ հոսքեր կլինեն:

«Մեր երկիրը շատ բարենպաստ է տուրիզմի համար։ Պարզ է՝ գազ չունենք, բենզին, ոսկի չունենք, նավթ չունենք, բայց ունենք լավ տուրիստական երկիր, որտեղ մարդիկ կարող են գալ-գնալ։ Իսկ տուրիզմը համարվում է ոսկու հանք, որ պետք է կարողանանք ճիշտ կազմակերպել։ Եթե մեր երկրում տարեկան 5-10 միլիոն մարդ գնա-գա, 5-10 միլիարդ դրամ գումար մնալու է մեր երկրում։

Հիմա ամբողջ Հատիսի շրջակայքում գնացեք, հարցրեք՝ մարդիկ, ով գնացել է, ուզում են վերադառնան, մի բան կառուցեն», - շեշտեց Գագիկ Ծառուկյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG