Մատչելիության հղումներ

Ակտիվիստները մեկ շաբաթ ժամանակ են տվել «Ծառուկյան» հիմնադրամին՝ Հատիս լեռան հողատարածքները համայնքին վերադարձնելու համար


Հատիս լեռը, արխիվ
Հատիս լեռը, արխիվ

Հատիս լեռան գագաթին Հիսուսի արձանը տեղադրելու Գագիկ Ծառուկյանի նախագիծն, ըստ էության, երկու հարց է առաջացրել՝ շուրջ 2 տասնյակ պատմական հուշարձաններ ունեցող տարածքում կարելի՞ է մեկ այլ արձան տեղադրել և ինչպե՞ս է ստացվել, որ լեռան գագաթն ու հարակից տարածքները օտարվել են մեծահարուստ գործարարի հիմնադրամին։

Հիսուսի արձանի մասին ամռանը մեծ շուքով հայտարարած «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը մինչ օրս չի դիմել պետական մարմիններին կառուցման թույլտվություն ստանալու համար։ Մինչ այդ, մի խումբ ակտիվիստներ մտադիր են դատի տալ մեծահարուստ գործարարի հիմնադրամին, որը նույնիսկ շինարարության վերջնաժամկետ է նշում։

«Հատիս» նախաձեռնությունն այս շաբաթվա ընթացքում կամբողջացնի դատարան ուղարկվող փաստաթղթերը՝ պահանջելով նախ անօրինական ճանաչել Ակունքի ավագանու որոշումները, որով Հատիս լեռան հողատարածքները «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին են վաճառել, ապա փոխհատուցել պատմական միջավայրին, մասնավորապես բրոնզեդարյան ամրոցին հասցված վնասը։ Նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանն ասում է՝ թույլ չեն տա, որ անօրինականությունները շարունակվեն։

«Հիմա կոնկրետ էդ տարածքները օտարվել են ապօրինի, օրենքի կոպտագույն խախտմամբ, այդ տարածքները իրավունք չուներ ավագանին օտարելու, որովհետև օրենքը արգելում է բնության հուշարձանն օտարել: Շատ պարզ գրած է: Մի տարբերակ կա, եթե կառավարությունը նշանակությունը փոխում է այդ հողերի, այսինքն՝ ինքը բնության հուշարձանների ցուցակից դուրս է գալիս, այլևս հուշարձան չէ, այդ դեպքում կարելի է օտարել», - ասաց նախաձեռնության անդամ Գարեգին Միսկարյանը:

Մինչդեռ «Ծառուկյան» հիմնադրամին հողեր վաճառած Ակունքի համայնքապետ Հունան Ռուբենյանն իր հերթին պնդում է՝ ամեն ինչ օրենքով է արել. «Մենք արել ենք օրինականության սահմաններում»:

Պետական մարմիններից դեռ թույլտվություններ չստացած Ծառուկյանը մտադիր է 77 մետրանոց համալիրն ավարտին հասցնել երեք տարուց։ Բայց հենց ամենասկզբից նրա հայտարարությունը, թե տեղում Փրկչի հսկայական արձանի շնորհիվ կզարգանա տուրիզմը, միանշանակ չընդունվեց։ Ոչ միայն Հայ առաքելական եկեղեցին չողջունեց այս գաղափարը, այլև բազմաթիվ հանրային գործիչներ, հնագետներ ու բնապահպաններ։

Երեկ առավոտ ակտիվիստ Հայկ Բարսեղյանն էր Հատիս բարձրացել, տեսանկարահանել տարածքը։ Նա «Ազատությանը» պատմեց, որ ներքևում պահակակետ կա և բարձրացողին անպայման հարցնում են այցելության նպատակը։

«Գագաթը, որ իրականում պետք է լինի բնածածկույթով, այսինքն, խոտ, թեքություններ, հարթություններ, ուղղակի ոնց դրած դանակով կտրես գագաթը, հորիզոնական սարքես: Էդ տարածքում՝ գագաթի տարբեր կողմերի վրա կան շատ հին հուշարձանի մնացորդներ, որոնք հետազոտված չեն ու անզեն աչքով էլ, որ գնաք, կտեսնեք, որ գագաթի հատվածը քերելու ու էդ ճանապարհը զիգզագաձև քանդելու արդյունքում անհնար է միամիտ չավիրել պատմամշակութային հուշարձանը և հենց բնությունը», - ներկայացրեց Բարսեղյանը:

Իսկ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյան հիմնադրամը չի դիմել պետական մարմիններից կառուցապատման թույլտվություն ստանալու համար, արդյո՞ք մտադիր են շարունակել շինարարությունն ու լեռան գագաթին տեղադրել փրկչի արձանը։ «Ազատությանն» այսօր չհաջողվեց կապ հաստատել հիմնադրամի հետ՝ պարզելու այս հարցերը։

Կրթության նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանն ասում է՝ քանի դեռ նախագիծ չունեն, չեն կարող ասել՝ թե ի վերջո կարող են բրոնզեդարյան ամրոցի վայրում շինարարության թույլտվություն տալ։ Մինչ հնագետները պնդում են, որ բրոնզեդարյան ամրոցն արդեն անդառնալիորեն վնասվել է շինարարության հետևանքով, պաշտոնյան ասում է՝ դեռ պետք է հասկանան՝ արդյո՞ք Հիսուսի արձանի կառուցմամբ հուշարձանները չեն տուժի։

«Բնականաբար, պատմության և մշակույթի հուշարձանի տարածքում 20-ից ավելի հուշարձաններ, որոնք Հատիսի վրա գրանցված են, էդ տարածքներում շինարարություն չի կարելի անել, դրա համար էլ պահանջվում է նախագիծ, որպեսզի համադրենք, հասկանանք՝ որ տարածքներում և ինչ է կառուցվելու», - նշեց Վանյանը:

Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը ի դեմս վարչապետ Փաշինյանի, դրական էր արտահայտվել Ծառուկյանի նախագծի մասին, «Հատիս» նախաձեռնության անդամները ակնկալում են, որ Հատիսը սար կմնա։

XS
SM
MD
LG