Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան հայտարարում են Իրանի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ կապված Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի օգնության հետ։
Պատժամիջոցների թիրախում են հայտնվել նաև ռուսական նավերն ու տրանսպորտային ընկերությունները, որոնք գրանցված են Աստրախանում և զբաղվում են բեռնափոխադրումներով։ Ենթադրվում է, որ հենց այդ ընկերությունների միջոցով է Ռուսաստանը սպառազինություն ներկրում Իրանից։
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ պատժամիջոցների ցանկում ներառված են Իրանի պետական նավային ընկերությունն ու դրա տնօրենը, ինչպես նաև առևտրային նավեր ու Կասպից ծովի նավահանգիստները։
Մեծ Բրիտանիան իր հերթին է սահմանափակումներ կիրառում Իրանի պետական օդային ու ծովային ընկերությունների, ռուսական Port Olya-3 նավի նկատմամբ։
Արևմուտքը դատապարտում և պատժամիջոցների է ենթարկում Թեհրանին Մոսկվային սպառազինություն, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայում պատերազմում: Վերջերս էլ հաղորդումներ տարածվեցին Թեհրանի՝ Կրեմլին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասին։