Մատչելիության հղումներ

ՆԳՆ-ն սառեցրեց հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման նախագիծը. ինչո՞ւ


ՆԳՆ-ն սառեցրեց նախագիծը

Հանրային շահի պաշտպանություն, հանցագործությունների արագ ու օպերատիվ բացահայտում. այս հիմնավորումներով 24 ժամյա տեսահսկման օրենքի նախագիծը ներկայացրած Ներքին գործերի նախարարությունը սառեցնում է դրա հետագա քննարկումը։

«Եթե հանրությունը չունի լայն կոնսենսուս հենց իր անվտանգությանը միտված այս նախաձեռնության շուրջ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարությունը նման պայմաններում սառեցնում է նախագծի հետագա ընթացքը՝ շահագրգիռ մարմիններին կրկին քննարկման սեղան հրավիրելու մեծ պատրաստակամությամբ», - հայտարարել է ՆԳՆ-ն։

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը պարտադրում էր տնտեսվարողներին 24 ժամ տեսահսկում ապահովվել՝ ոստիկանությանն օնլայն ռեժիմով հասանելիություն տալով: Հայաստանում այս նախաձեռնությանն արձագանքեցին անձնական տվյալների պաշտպանության խախտման հետ կապված դժգոհություններով, նախարարությունն արձագանքում էր ՄԻԵԴ նախադեպային վճիռներով։ Ու չնայած կոշտ քննադատությանը՝ նախագիծը խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել էր հունիսին։ Մասնավոր ընկերություններից պահանջում էին շինությունների մուտքերին և տարբեր կողմերում տեսախցիկներ տեղադրել՝ ոստիկանությանը տրամադրելով ուղիղ եթեր, ավելին՝ ձայնագրությունները պահել առնվազն 15 օր:

Ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ անձնական տվյալների պաշտպանության խնդիր կարող էր առաջանալ

«Կան տնտեսական հարցեր, որովհետև կառավարությունը, իհարկե, իր կողմից շատ խելացի քայլի է դիմում՝ ինքը չի առնում այդ տեսախցիկներն, այլ տնտեսվարողների վրա է դնում բեռը։ Մենակ տեսախցիկների վրա միջին տնտեսվարողը ներկա գներով մոտ 270-280 հազար դրամի ծախս պետք է անի», - «Ազատությանն» ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ֆինանսական ծանրաբեռնվածությունից զատ, ըստ Մարտիրոսյանի, առավել կարևոր էր անձնական տվյալների պաշտպանությունը, չկային երաշխիքներ, որ տվյալները չէին օգտագործվի քաղաքական ճնշումների համար, ոչ էլ կոռուպցիոն գործարքներով ինֆորմացիայի արտահոսք չէր լինի: Սրանից առավել մտահոգիչ են արտաքին անվտանգության հետ կապված ռիսկերը՝ նրա խոսքով։

«2020 թ.-ի պատերազմի ժամանակ մենք բազմիցս ականատես եղանք, թե ինչպես ադրբեջանցի հակերները կոտրում էին տեսախցիկները Հայաստանում և բաց տեղադրում դրանց վրայից ձայնագրությունները՝ մարդկանց տների մեջից, փողոցներից, խանութներից և այլն: Պատկերացրեք՝ ամբողջ Հայաստանում տեղադրվելու են տեսախցիկներ, որոնց անվտանգությունը փաստացի ոչ ոք չի ապահովելու, ապահովվելու է անվտանգությունն այդ ՊՈԱԿ-ի ներսում արդեն ստացված տվյլաների, բայց ոչ ամեն մի տեսախցիկի», - հավելեց Սամվել Մարտիրոսյանը:

Պարենային անվտանգությունից մինչև ՀՕՊ համակարգերի ու զինտեխնկայի տեղաշարժ կարող էին արձանագրել այդ տեսախցիկները, ընդգծեց տեղեկատվական անվտանգության փորձագետը, հավելեց՝ այս տվյալները կարող էին հեշտությամբ հասանելի դառնալ այլ երկրների հատուկ ծառայություններին։

«Բոլոր օպերատիվ հետախուզական աշխատանքները ՀՀ-ում փաստացի ոչ մի հանրային վերահսկողություն հետևում չունեն, մեծ հաշվով մենք ապավինում են նրա վրա, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը աշխատելու են սառը գլխով և հրավառ սրտով և բարոյական ձեռքերով, բայց այդպես չպետք լինի, մենք պետք է ունենանք հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասարակությանը վերահսկել ու հասկանալ, որ չեն օգտագործվում այլ նպատակներով», - ասաց նա:

Որոշվել է կատարել փուլային աշխատանք. Լիլիթ Մինասյան

Խորհրդարանում նախագծին կողմ էր քվեարկել միայն իշխող ուժը։ «Քաղաքացիական պայմանագրից» Լիլիթ Մինասյանն այսօր էլ վստահ է՝ կառավարության գործընկերների նպատակը միայն հանրային անվտանգության բարձացումն է եղել:

«Սակայն, առաջին ընթերցումից հետո մասնագիտական լայն շրջանակների կողմից ստացվեցին բավականին թիրախային արձագանքներ, մանավանդ, որոնք վերաբերում էին նախագծի տեխնիկական անվտանգությանը, և այդ մասնագիտական քննարկումների դիրքորոշումները լսված էին նաև կառավարությունում: Առաջինից երկրորդ ընթերցում բավականին շատ խորհրդակցություններ ենք ունեցել, և որոշում է կայացվել կատարել փուլային աշխատանք», - տեղեկացրեց պատգամավորը։

Մինասյանը մանրամասնեց փուլային տարբերակը՝ առաջին փուլում Ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրել տեղական ինքնակառավարման մարմինների և այլ պետական հաստատությունների տեսահսկման տվյալներին։ Պատգամավորը պնդեց, թե այստեղ պետությունը կարող է անվտանգություն ապահովել, ինչը չէր կարող մասնավոր տեսահսկման սարքերի դեպքում:

«Կիբերանվտանգության մեծ օրենք է բերվելու հիմա, որի միջոցով պետական համակարգերում, և ընդհանրապես հասարակական այլ սեկտորներում պարտավորվածություն է դրվում կիբերանվտանգության մասով առանձին տեխնիկական լուծումներ տալ: Այս մասով մենք դեռևս չունեինք, և որպեսզի հետ-առաջ չանենք, մենք բերում ենք նախագիծ, որը կիբերանվտանգությունն է ապահովելու, հետագայում միտված է լինելու այլ համակարգերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ», - ասաց Լիլիթ Մինասյանը։

Ինչո՞ւ իշխող մեծամասնությունը քննադատությունն անտեսեց և հաստատեց նախագիծն Ազգային ժողովում, հարցին ի պատասխան Մինասյանը նշեց, թե մինչև նախագծի վերջնական հաստատում՝ երկրորդ ընթերցում, կարող են փոփոխություններ լինել. - «Նորմալ պրոցես է, որ առաջին ընեթերցումից հետո շատ այլ մասնագիտական կարողություն ունեցող կազմակերպություններ են հայտնում իրեց դիրքորոշումները, հանրային լայն կոնսենսուս չենք տեսնում՝ անվտանգության ապահովման այսպիսի միջոցառումների, և կառավարություն ինքն է ձեռնամուխ լինում սառեցնելու տվյալ նախաձեռնությունը՝ հետագայում քննարկումների ավելի լայն շերտ բացելով»։

Նախագիծը քննադատել են նաև Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, արդարադատության նախարարությունը, օմբուդսմենի գրասենյակը, Կենտրոնական բանկը, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Human Rights Watch նշել է, որ տեսահսկման 24-ժամյա համակարգեր տեղադրելու Հայաստանի կառավարության օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին, օրենքը Հայաստանի միջազգային պարտավորություններին հակասող որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG