Մատչելիության հղումներ

Տեսախցիկներ՝ 50 քմ-ից մեծ օբյեկտների մուտքին ու մյուս կողմերին. օրինագիծը կքննարկվի ԱԺ առաջիկա նիստում


Սրճարան Երևանում, 7-ը հունիսի, 2024թ.
Սրճարան Երևանում, 7-ը հունիսի, 2024թ.

Ներքին գործերի նախարարարությունն առաջարկում է 50 քմ-ից մեծ սրճարանների, ռեստորանների, դեղատների, հյուրանոցների, առևտրի վայրերի, բենզա- և գազալցակայանների մուտքին ու շինության մյուս կողմերին տեղադրել տեսախցիկներ և դա պարտադիր դարձնել օրենքով։ Օրենսդրական փոփոխությունների այդ փաթեթն արդեն ուղարկվել է խորհրդարան, և այսօր քննարկվում էր Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում։

«Եթե մենք խոսում ենք տարբեր վարչական իրավախախտումների, հանցանքների բացահայտելիության մասով, պրակտիկայում շատ են լինում այնպիսի իրավիճակներ, երբ միակ, այսպես ասեմ, հուսալի ապացույցը կլիներ տարածքի տեսահսկումը, տեսահսկման արդյունքները, որի միջոցով կկարողանայինք հետագծելիություն ապահովել պրոցեսի, բացահայտումներ իրականացնել և հանրային անվտանգության բավական ավելի բարձր մակարդակ երաշխավորել», - ասաց օրենսդրական փաթեթը ներկայացնող ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ շարունակելով. - «Բայց փորձը ցույց է տալիս, որ շատ ու շատ իրավիճակներում, հատկապես՝ որոշակի տարածքներում, որոնց շրջակայքում կատարվում են հիմնականում հանցագործությունները, այդտեղ սովորաբար, որպես կանոն, մենք չենք ունենում տեսահսկման համակարգեր, և այստեղ ավելի բարդանում է իրավապահ համակարգի գործունեությունը այս մասով»:

Փոխնախարարը շտապեց արձագանքել հնարավոր քննադատությանը, թե սրանով մարդկանց անձնական կյանքի իրավունքն է ոտնահարվում. - «Սա, իհարկե, որևէ կերպ չի կարող ընկալվել որպես մարդու անձնական տիրույթ ներխուժում, որովհետև մենք խոսում ենք բաց, հանրամատչելի վայրերի մասին, այսինքն՝ հասարակական վայրերի մասին, որտեղ որ արդեն իսկ հնարավոր է տարբեր միջոցներով իրականացնել ինֆորմացիայի հավաքագրում»:

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, մինչդեռ, բացասական եզրակացություն է տվել Կառավարության այս առաջարկին՝ ընդգծելով, որ այն թույլ կտա անձնական տվյալների անսահմանափակ ու անընդհատ մշակում:

«Նախագծերով նախատեսվող փոփոխությունը անձնական տվյալների անվտանգության էական ռիսկեր է պարունակում, ինչպես նաև խնդրահարույց է մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի անհամաչափ սահմանափակման տեսանկյունից», - գրված է գործակալության եզրակացությունում։

Այնուամենայնիվ, անգամ իր ղեկավարած համակարգում ընդգրկված և անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու կառույցի բացասական այս գնահատականից հետո արդարադատության նախարարը կողմ է քվեարկել նախագծին։

«Դուք որպես Արդարադատության նախարարությունում նաև նախկինում աշխատած՝ ո՞նց եք շրջանցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության բացասական այս եզրակացությունը և հայ ժողովրդին ներկայացնում», - ՆԳ փոխնախարարին հարցրեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այո, կոմիտեի ժամանակ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը եղել է, կարծիքի հաշվառման՝ փոխվարչապետի գլխավորությամբ քննարկումները շարունակվել են, և ի վերջո, արդարադատության նախարարը Կառավարության համապատասխան նիստով կողմ է քվեարկել նախագծին», - արձագանքեց Արփինե Սարգսյանը:

Ինչն է համոզել արդարադատության նախարարին կողմ քվեարկել՝ առայժմ պարզ չէ, քանի որ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը անգամ նախագծի կոնկրետ դրույթների փոփոխման կամ լրացումների մասին առաջարկներ չի արել՝ փաթեթը ծայրից ծայր համարելով խնդրահարույց:

Գործակալության նախկին ղեկավար Գևորգ Հայրապետյանն ասում է՝ իր կարծիքը չի փոխվել, համարում է, որ փաթեթը հակասում է անգամ Սահմանադրությանը:

«Անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական իրավունքի էությունն այն է, որ տվյալները մշակվեն բարեխղճորեն, դրա համար նախատեսված բոլոր սկզբունքներով ու նախատեսված կանոններով: Հիմա այն նախագծի փաթեթը, որը ես տեսել եմ, նախատեսում էր տվյալների անսահմանափակ և մշտական մշակում», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Հայրապետյանը:

Քաղաքացիները ոչ թե վտանգավոր իրավիճակում են հայտնվելու, այլ՝ շատ ավելի ապահով ու անվտանգ, իր հերթին պնդեց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Չնայած այդ հավաստիացումներին՝ անգամ որոշ իշխանական պատգամավորներ մտահոգությունը չթաքցրեցին:

«Եթե մենք ընդհանուր առմամբ ներքին գործերի համակարգի բարեփոխումների փուլում չլինեինք, ես, օրինակ, այս նախագծին դեմ էի քվեարկելու, և նախանցած տարի ձեզ մի դեպք եմ նկարագրել մասնավոր, որտեղ որ ես եմ գնացել ոստիկանություն հանձնել տեսաերիզը, և այն պարագայում, երբ որ կա տեսաերիզը և կա հստակ մարդիկ երևում են, ոստիկանությունը, ըստ երևույթին, ոչ մի բան չի արել», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Վիլեն Գաբրիելյանը:

Չնայած քննադատություններին՝ հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն տվեց և վիճահարույց փաթեթն ուղարկեց խորհրդարանի առաջիկա լիագումար նիստի օրակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG