Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ելույթ կունենա հուլիսի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, հայտնել է The Times of Israel թերթը:
Ավելի ուշ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն X- ի էջում գրել է, որ Նեթանյահուն մասնակցելու է երկու պալատների համատեղ նիստին:
Նա նշել է, թե «ինքը և Սենատում հանրապետականների փոքրամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոննելն ուրախ են հայտնել Կոնգրեսում Նեթանյահուի սպասվելիք ելույթի մասին լուրը»:
Վերջին ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների և Իսրայելի կառավարությունների միջև որոշակի լարվածություն է առաջացել Գազայում ընթացող պատերազմի կարգավորման շուրջ: Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել ընդունել հրադադարի առաջարկը:
Բենյամին Նեթանյահուն վերապահումներով է արձագանքել Գազայի հատվածում հրադադար հաստատելու Վաշինգտոնի ծրագրի մասին, որն ընդունելի են համարել մի շարք արաբական պետություններ:
Օրերս The Time հանդեսին տված հարցազրույցում Բայդենը կարծիք է հայտնել, թե Նեթանյահուն իր քաղաքական ապագայի համար է երկարաձգում պատերազմը»: