Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի օգնականը հաստատել է, որ Իսրայելն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու շրջանակային համաձայնագիրը, որն այժմ մղվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։
Բրիտանական Sunday Times-ին տված հարցազրույցում Նեթանյահուի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդական Օֆիր Ֆալկն ասել է, որ Բայդենի առաջարկած գործարքն այնքան էլ լավը չէ, դրա վրա ավելի շատ աշխատանքի կարիք կա։
«Բայց, մենք իսկապես ցանկանում ենք ազատել պատանդներին, նրանցից յուրաքանչյուրին։ Կան շատ մանրամասներ, որոնք պետք է մշակվեն»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելի պայմանները, այդ թվում՝ «պատանդների ազատ արձակումը և «Համաս»-ի՝ որպես ցեղասպան ահաբեկչական կազմակերպության ոչնչացումը», չեն փոխվել։
ԱՄՆ-ում և ԵՄ-ում ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ը ողջունել է Բայդենի նախաձեռնությունը, փոխանցում է Reuters-ը։
- Սպիտակ տանը մշակված այս ծրագրի համաձայն՝ առաջին փուլում, որը տևելու է շուրջ վեց շաբաթ, նախատեսվում է դադարեցնել կրակը, ազատ արձակել նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին պատանդառված իսրայելցիների մի մասին, ինչպես նաև իսրայելական բանտերում գտնվող մի քանի հարյուր կալանավորներին։ Երկրորդ փուլում ազատ կարձակվեն բոլոր պատանդները, իսկ Իսրայելի բանակը վերջնականապես կլքի Գազայի հատվածը։ Երրորդ փուլն, ըստ Բայդենի, միտված է լինելու Գազայի հատվածի վերականգնմանը։