ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել խաղաղ բնակչության համար: Անվտանգության գոտիների ստեղծման նպատակն է կրճատել փախստականների հոսքը Սիրիայից, մասնավորապես՝ նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:
Ըստ «Ռոյթերզ»-ի՝ առաջիկա օրերին Թրամփը Պենտագոնին և Պետդեպարտամենտին հանձնարարելու է երեք ամսվա ընթացքում ներկայացնել Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու պլանը:
Երեկ երեկոյան ABC-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու որոշումը ընդունել է՝ տեսնելով միգրանտների ճգնաժամը Եվրոպայում:
«Կարծում եմ Եվրոպան շատ մեծ սխալ կատարեց, թույլատրելով միլիոնավոր մարդկանց մուտքը Գերմանիա և այլ երկրներ: Այնտեղ տեղի ունեցածը աղետ է և ես չեմ ցանկանում, որ նույնը կրկնվի այստեղ», - ասել է ԱՄՆ-ի նախագահը:
Մոսկվան զգուշորեն է մոտենում Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծելու ծրագրին, նշելով, որ անհրաժեշտ է ուսումնասիրել դրա բոլոր հետևանքները: Այսօր Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե ամերիկացի գործընկերները իրենց հետ չեն խորհրդակցել, դա նրանց ինքնուրյուն որոշումն է:
«Կարևոր է, որ նախաձեռնությունը չվատթարացնի փախստականների վիճակը Սիրիայում», - ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:
Ըստ «Ռոյթերզ»-ի՝ Դոնալդ Թրամփի նախաձեռնությունը նաև ենթադրում է ամերիկյան վիզաներ չտրամադրել մահմեդական մի քանի երկրների քաղաքացիների, այդ թվում սիրիացիներին, բացառությամբ ճնշումների, բռնությունների ենթարկվող կրոնական եւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների: Միգրանտների մուտքը սահմանափակելու, փախստականների դիմումները ուսումնասիրելու ժամկետները երկարաձգելու ջանքերը ուղղված են նաեւ կանխելու ահաբեկիչների, ծայրահեղ իսլամիստների ներթափանցումը Միացյալ Նահանգներ:
Թրամփը ստորագրել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հրամանագիրը
Հարևան Մեքսիկայից անօրինական միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ կանխելու նպատակով Դոնալդ Թրամփը երեկ ստորագրել է Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հրամանագիրը, ինչը նա խոստացել էր նախընտրական շրջանում: Թրամփը նորից պնդել է, որ ցանկապատի կառուցման ծախսերը վճարելու է մեքսիկական կողմը:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պիենա Նիետոն քննադատել է Թրամփի որոշումը: Նա նշել է, որ հրամանագիրը ստորագրվել է այն պահին, երբ Մեխիկոն բանակցություններ էր սկսել Վաշինգտոնի հետ՝ առևտրի, անվտանգության և միգրացիայի հարցերով համագործակցության նոր կանոնների շուրջ:
Ազգային հեռուստաընկերության եթերում Նիետոն ասել է, թե Մեքսիկան հնարավորինս կանի պաշտպանելու իր քաղաքացիների իրավունքները Միացյալ Նահանգներում:
Ափսոսանք հայտնելով պատ կառուցելու ԱՄՆ-ի նախագահի որոշման կապակցությամբ՝ Մեքսիկայի նախագահն ասել է․ - «Ես կրկին և կրկին հայտարարում եմ, որ Մեքսիկան չի վճարի որևէ պատի համար»:
Թրամփը մտադիր է հայտնաբերել և վտարել անօրինական միգրանտներին
Չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփի ստորագրած հրամանագրերից մեկը ուղղված է նաև ԱՄՆ-ում անօրինական միգրանտներին հայտնաբերելուն և վտարելուն:
Նշենք, որ անօրինական միգրանտների դեմ պայքարի, Մեքսիկայի սահմանին ցանկապատ կառուցելու հրամանագրերը Թրամփը ստորագրել է ներքին անվտանգության նախարարությունում, որտեղ նա ներկայացնում էր նոր նախարարին՝ պաշտոնաթող գեներալ Ջոն Քելլիին:
Դոնալդ Թրամփի հրամանագիրը նաև մունիցիպալ իշխանություններին հորդորում է համագործակցել դաշնային մարմինների հետ՝ հայտնաբերելու համար անօրինական միգրանտներին: Հակառակ պարագայում Թրամփը սպառնում է կրճատել անօրինական փախստականներին ընդունող քաղաքների ֆինանսական հատկացումները ֆեդերալ միջոցներից:
Մի շարք քաղաքների, այդ թվում Բոստոնի, Սիեթլի, Սան- Ֆրանցիսկոյի, Չիկագոյի քաղաքապետերը հայտարարել են, թե տեղական իշխանությունները միգրանտների դեմ քայլեր չեն ձեռնարկի
Չիկագոյի քաղաքապետն ասել է, թե՝ «ոչ մեկը, որտեղից էլ եկած լինի, այստեղ օտար չի լինի»:
Կրոնական, իրավապաշտպան որոշ խմբեր քննադատում են միգրանտների հանդեպ ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը: