Մատչելիության հղումներ

Մոսկվան «Օրեշնիկ»-ի նոր թիրախներ է ընտրում, Թրամփն Ուկրաինայի հարցով ներկայացուցիչ առաջադրում


Ղազախստան - Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ողջագուրվում են Աստանայում, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, 28-ը նոյեմբերի, 2024թ.
Ղազախստան - Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ողջագուրվում են Աստանայում, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը, 28-ը նոյեմբերի, 2024թ.

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, թե պատրաստվում է արդիական «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռներով նոր հարվածներ հասցնել Ուկրաինային։ «Պաշտպանության նախարարությունն այժմ ընտրում է թիրախներ», - հրապարակավ ասել է Վլադիմիր Պուտինը՝ մանրամասնելով. - «Դրանք կարող են լինել ռազմական օբյեկտներ, բայց կարող են լինել նաև որոշումների ընդունման կենտրոններ Կիևում»:

Սպառնալիքներից առաջ՝ անցած գիշեր և այս առավոտ, Պուտինի բանակը վերստին զանգվածաբար գնդակոծել է ուկրաինական խաղաղ բնակավայրերը․ Խարկովում երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։

Կիևում հազարավոր մարդիկ ժամեր շարունակ ապաստանել են մետրոյի կայարաններում։ Թիրախում են եղել նաև էներգետիկ օբյեկտները․ ձմռան շեմին մի շարք քաղաքներ, հարյուր հազարավոր մարդիկ զրկվել են էլեկտրաէներգիայից։

Արդեն գրեթե երեք տարի շարունակվող պատերազմը մտել է իր ամենավտանգավոր փուլը․ ռուսները ճակատի բոլոր ուղղություններով առաջ են գնում՝ ներխուժման առաջին օրերից ի վեր ամենաարագ տեմպերով, հայտնում է Reuters-ը։ Անցած մեկ շաբաթվա ընթացքում, մասնավորապես, ըստ անկախ փորձագետների, ռուսական բանակն Ուկրաինայում օկուպացրել է գրեթե 235 քառակուսի կիլոմետր, ամսվա կտրվածքով՝ մոտ 660 քառ. կմ՝ Փարիզի տարածքից մոտ չորս անգամ շատ։

Թրամփը գեներալ Քելլոգին առաջադրեց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Ճակատում ռուսների հաջողությունների ֆոնին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեկ գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունն առաջադրեց Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում։

Քելլոգը Թրամփի առաջին պաշտոնավարման տարիներին փոխնախագահ Մայք Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր, հետագայում, ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են գրում, մեծ ազդեցություն է ունեցել ուկրաինական պատերազմի հարցում նախագահ Թրամփի տեսակետների վրա։

«Միասին մենք ուժի միջոցով խաղաղություն կապահովենք և Ամերիկան ու աշխարհը կրկին անվտանգ կդարձնենք», - գրել է ԱՄՆ նորընտիր նախագահը:

Ամիսներ առաջ Reuters-ը հայտնել էր, որ Քելլոգը մշակել է պատերազմը դադարեցնելու ծրագիր, որի համաձայն՝ ռազմաճակատի գծերը կսառեցվեն այն կետերում, որտեղ դրանք այսօր կան, Վաշինգտոնն էլ Կիևին ու Մոսկվային կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Քելլոգը, մասնավորապես, առաջարկում է Ուկրաինային կանգնեցնել դժվար ընտրության առաջ՝ կա՛մ գնում են բանակցությունների, կա՛մ Ամերիկան դադարեցնում է աջակցությունը։ Պուտինի դեպքում էլ Քելլոգն առաջարկում է զգուշացնել՝ եթե նա հրաժարվի բանակցություններից, ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի այնքան զենք, որքան անհրաժեշտ կլինի ռուսներին չեզոքացնելու համար: Նույն այդ ծրագրով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը պետք է սառեցվի անորոշ ժամանակով։

«Զելենսկին ահաբեկված է Թրամփի մոտալուտ պաշտոնավարմամբ». Պոլյանսկի

Կիևը Քելլոգի առաջադրմանն ու այս հնարավոր ծրագրին պաշտոնապես դեռ չի արձագանքել։ ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպանը, սակայն, երեկ հայտարարել է՝ նախագահ Զելենսկին ահաբեկված է Թրամփի մոտալուտ պաշտոնավարմամբ, և նա դրա համար հիմքեր ունի։

«Նույնիսկ եթե մի կողմ դնենք կանխատեսումը, որ Դոնալդ Թրամփը կկրճատի Ուկրաինային տրամադրվող օգնությունը, ինչը փաստորեն մահվան դատավճիռ կլինի ուկրաինական բանակի համար, ակնհայտ է, որ նա և իր թիմը, ամեն դեպքում, վերանայելու են Կիևին տրամադրվող օգնությունը», - ասել է Դմիտրի Պոլյանսկին։

Մինչ այդ, ըստ Reuters-ի, Միացյալ Նահանգների հեռացող նախագահը 725 մլն դոլար ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար։ Այս մասին նախագահի նամակը Կոնգրես կարող է ուղարկվել արդեն առաջիկա երկուշաբթի, ասել են ամերիկացի պաշտոնյաները, փաստելով, որ սա էապես գերազանցում է Սպիւտակ տան կողմից նախկինում կարիքավոր երկրներին ուղարկված օգնությունները, որոնք տատանվում էին 125-250 միլիոն դոլարի սահմաններում։

Բայդենի վարչակազմը հորդորում է Ուկրաինային ընդարձակել մոբիլիզացիան

Միաժամանակ, ըստ Associated Press-ի, Բայդենի վարչակազմը հորդորում է Ուկրաինային ընդարձակել մոբիլիզացիան և իջեցնել զորակոչի տարիքը՝ ներկայիս 25-ի փոխարեն զորակոչելով նաև 18 տարեկաններին։ «Պարզ մաթեմատիկան հուշում է, որ Ուկրաինան հավելյալ մարդուժի կարիք ունի պատերազմը շարունակելու համար», - ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Ուկրաինայի նախագահ Զելենսկին, սակայն, բազմիցս է հայտարարել, որ մոբիլիզացիայի դրույթները վերանայելու մտադրություն չունի։ Երկրի խորհդարանը ընդամենը մի քանի ամիս առաջ՝ անցած ապրիլին է զորակոչի տարիքը 27-ից հասցրել 25-ի և դեռ այն ժամանակ հանդիպել լուրջ դիմակայության։ Ընդդիմախոսները պնդում են, թե է՛լ ավելի իջեցնելով զորակոչի տարիքը և բանակ տանելով աշխատող երիտասարդներին՝ արդեն շուրջ երեք տարի պատերազմող երկրի տնտեսությունը կկանգնի լուրջ խնդիրների առաջ։

Այսօր Ուկրաինայի կողմից պատերազմում ներգրավված է շուրջ 1 միլիոն զինվորական։ Ռուսական բանակն ունի մոտ 1.5 միլիոն զինվոր՝ չհաշված պահեստազորում գտնվող 2 միլիոն զինվորականներն ու Ռուսաստան տեղափոխված հյուսիսկորեացի զինվորները, որոնց թիվն, ըստ անկախ աղբյուրների, անցնում է 10 հազարից։

XS
SM
MD
LG